Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

«ՏաԹևեր» ճոպանուղին ընդունեց այս տարվա 100.000-րդ ուղևորին

08.09.2017, 17:30
«ՏաԹևեր» ճոպանուղին շարունակում է ռեկորդներ սահմանել՝ տարեցտարի ընդունելով ավելի մեծթվով զբոսաշրջիկների։
«ՏաԹևեր» ճոպանուղին ընդունեց այս տարվա 100.000-րդ ուղևորին

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. «ՏաԹևեր» ճոպանուղին շարունակում է ռեկորդներ սահմանել՝ տարեցտարի ընդունելով ավելի մեծթվով զբոսաշրջիկների։

Սեպտեմբերի 8-ին ճոպանուղին սպասարկեց այս տարվա հարյուր հազարերորդ (100.000-րդ) ուղևորին։

«ՏաԹևեր»-ի հարյուր հազարերորդ այցելուն երևանաբնակ Սերոբ Իգիթյանն էր, ով Տաթև էր այցելել ընտանիքի հետ։

«Տաթևի դարպասներ» նախագծի ղեկավար Վահե Բաղդասարյանը նրան հանձնեց 100.000-րդ այցելուի հավաստագիրը, ինչպես նաև նվեր փաթեթ, որը ներառում է «ՏաԹևեր» հյուրատան, «Տաթևի տուր» երթուղու և «Տաթևատան» ռեստորանի ծառայություններից մեկ անգամ անվճար օգտվելու հնարավորություն։

«Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին «ՏաԹևեր» ճոպանուղին սպասարկել է աննախադեպ թվով ուղևորների։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` ճոպանուղու այցելուների թիվն աճել է 38%-ով։ Սա հաստատում է, որ աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ «ՏաԹևեր»-ը, դարձել է Հայաստանի զբոսաշրջային այցեքարտերից մեկը»,- ասել է Վահե Բաղդասարյանը։

«ՏաԹևեր» ճոպանուղին կառուցվել է 2010 թ.-ին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում: Այն ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է աշխարհում: Ռեկորդային են ոչ միայն օդուղու երկարությունը՝ 5752 մետր, այլև ճոպանուղու կառուցման ժամկետները՝ ընդամենը 10 ամիս։ Նախագիծն իրականացրել է ճոպանուղիների կառուցման ոլորտի համաշխարհային առաջատար ավստրո-շվեյցարական«Doppelmayr/Garaventa» ընկերությունը։

Գործարկումից՝ 2010թ․ հոկտեմբերից, մինչև այսօր ճոպանուղին սպասարկել է ավելի քան 600 հազար ուղևորի։

Ճոպանուղու գործարկումը և «Տաթևի վերածնունդ» ծրագրով իրականացված նախագծերը նոր թափ են հաղորդել Սյունիքի մարզում զբոսաշրջության զարգացմանը։ Վերջին տարիներին միայն Գորիսում բացվել է ավելի քան 15 հյուրանոց, որտեղ աշխատում է շուրջ 200 մարդ։

«Տաթևի վերածնունդ» ծրագրի նպատակն է վերականգնել Տաթևի վանական համալիրը՝ դրա պատմամշակութային և հոգևոր նշանակությանը համապատասխանող անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմամբ և տեղական համայնքների զարգացմամբ։–0–