Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Երևանում անցկացվում է Ստեփանակերտի շրջափակման ճեղքման 25-ամյակին նվիրված աշխատաժողով

15.02.2017, 13:42
Երևանում մեկնարկել է «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» խորագրով փորձագիտական աշխատաժողովը:
Երևանում անցկացվում է Ստեփանակերտի շրջափակման ճեղքման 25-ամյակին նվիրված աշխատաժողով

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երևանում մեկնարկել է «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» խորագրով փորձագիտական աշխատաժողովը:

Ինչպես նշեց ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» տնօրեն Արա Սաղաթելյանը, այս ձևաչափով միջազգային կոնֆերանս կազմակերպելու գաղափարն առավել հասունացավ վերջին ամիսներին, և այսօր փորձագետների հիմնական մասը, ովքեր հիմնարար կերպով ուսումնասիրել են իրավիճակը, կմասնակցեն քննարկումներին: 

«Կենտրոնն արդեն ներկայացրել է Աղդամի օպերացիայի մասին իր առաջին ֆիլմը (Խոջալուի գոծրողություններ) 2012 թ.-ին, որի մի մասը նվիրված էր Ստեփանակերտում տիրող իրավիճակին: Շուտով մենք կներկայացնենք ևս մեկ ֆիլմ, որը միջազգային հանրությանը բավականին հասանելի կներկայացնի այն մարդասիրական աղետը, որը տիրում էր Ստեփանակերտում և ողջ Ղարաբաղում», - ասաց Սաղաթելյանը` ավելացնելով, որ ֆիլմը կներկայացվի տարբեր լեզուներով: 

Նրա խոսքով, դա թույլ կտա բացառել Ադրբեջանի կողմից պատմական փաստերի շահարկումը և ցույց կտա, որ Աղդամում ռազմական գործողություններին այլըտրանք չի եղել: 

Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ նախագահի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» կողմից: Աշխատաժողովին մասնակցում են քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, միջազգային իրավունքի մասնագետներ, հայաստանցի և օտարերկրացի լրագրողներ: 

Լեռնային Ղարաբաղի շրջափակումը սկսվել էր դեռ 1989թ աշնան ամիսներին, երբ սահմանափակվել էր երկաթուղային հաղորդակցությունը, իսկ Հայաստանից հիմնականում ադրբեջանական բնակավայրների մերձակայքով անցնող ավտոճանապարհները դարձել էին վտանգավոր: 1991թ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումից ի վեր անվտանգ չէր նաև Ստեփանակերտի մերձակայքում՝ ադրբեջանական Խոջալու գյուղաքաղաքի մոտ գտնվող օդանավակայանը. այստեղ հայերի նկատմամբ բռնությունները սովորական էին դարձել, իսկ շրջակա բարձունքից ռմբակոծվում էր Ստեփանակերտը: Ադրբեջանական զինված ուժերի կողմից ծանր հրետանուց արձակվող կրակոցները լռեցնելը և ռազմական շրջափակման ճեղքումը դարձել էր Արցախի բնակչությանը ոչնչացումից փրկելու միակ ճանապարհը: 

Ամերիկյան Human Rights Watch կազմակերպության փաստահավաք առաքելությունը իր 1993թ.–ի զեկույցում արձանագրել էր 169 զոհ և հարյուրավոր վիրավորներ միայն 1991 թ.–ի հոկտեմբեր – 1992թ.–ի ապրիլ ամիսների պաշարման ընթացքում, ինչպես նաև դպրոցների, մանկապարտեզների և հիվանդանոցի թիրախավորված ավերածություններ: 

«Այս ռմբակոծությունները ահավոր էին և անկանոն, և նպատակ ունեին ահաբեկել հայ քաղաքացիական անձանց՝ նրանց ստիպելով լքել իրենց բնակավայրերը», - հաստատել էին Human Rights Watch-ի զեկույցի հեղինակները: 

Հայկական ինքնապաշտպանական ուժերը 1992թ.–ի փետրվարի վերջին ադրբեջանցի գրոհայիններից ազատագրեցին Խոջալու (այժմ՝ Իվանյան) բնակավայրը, իսկ մայիսի 18-ին վերջնականապես բացվեց Լաչինի (Բերձոր) միջանցքը: 

Այս իրադարձությունների օբյեկտիվ պատկերը ներկայացնող երկու ադրբեջանցի լրագրողների` Չինգիզ Մուստաֆաևի և Էյնուլլա Ֆատուլլաևի ճակատագիրը տարբեր կերպ դասավորվեց։ Մուստաֆաևը սպանվեց այդ իրադարձություններից մեկ ամիս անց, իսկ Ֆատուլլաևը, չորս տարի բանտարկված լինելուց հետո, 2011 թ.–ին հիմնեց նոր առցանց հրատարակություն, որը գովերգում է Իլհամ Ալիևին։–0–