Անկախության օրը Երևանի կենտրոնում երթևեկությունը կդադարեցվի
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 21–ին` Հայաստանի անկախության 27–ամյակի տոնակատարության օրը, երթևեկը Երևանում ժամանակավորապես կդադարեցվի, երեքշաբթի լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը։
«Առավոտյան ժամը 10։00–ից և մինչև միջոցառումների ավարտն ամբողջությամբ կդադարեցվի երթևեկությունը դեպի Հանրապետության Հրապարակ։ Մասնավորապես, երթևեկությունը կդադարեցվի Ամիրյան փողոցում` Մաշտոցի հետ խաչմերուկից, Աբովյան պողոցում` Սայաթ–Նովայի խաչմերուկից, Նալբանդյան փողոցում` Սախարովի հրապարակից, Տիգրան Մեծ պողոտայում` Խանջյան պողոտայի հետ խաչմերուկից։ Ամբոջովին փակ կլինեն նաև Վազգեն Սարգսյան ու Զաքյան փողոցները», – ասաց Սարգսյանը։
Ըստ նրա, սեպտեմբերի 21–ին ժամը 24։00–ից կարգելվի կայանելը Հանրապետության և Շահումյան հրապարակներում, ինչպես նաև այն տարածքների հարևանությամբ, որը տեղադրված կլինեն բեմահարթակները։