Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Գերեզմանատանը հողահատկացումների դիմաց խաբեությամբ հափշտակվել է մոտ 2 մլն դրամի համարժեք դոլար

30.04.2019, 17:22
Մեղադրանք է առաջադրվել 2 անձի, ընտրվել են խափանման միջոցներ: Կատարվում է նախաքննություն:
Գերեզմանատանը հողահատկացումների դիմաց խաբեությամբ հափշտակվել է մոտ 2 մլն դրամի համարժեք դոլար

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից խոշոր չափերով խարդախության դեպք:                                   

Ինչպես հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացիներ Ա.Շ-ն և Ն.Հ-ն, կազմակերպված հանցավոր խմբի կազմում, կեղծ տեղեկություններ են տարածել ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի գերեզմանատան հողերի հատկացման իրավասության վերաբերյալ և 2018 թվականի ամռանից հուղարկավորության համար օրինական կարգով տարածքներ հատկացնելու հարցով իրենց դիմած բազմաթիվ քաղաքացիներից խաբեությամբ հափշտակել խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 1.932.000 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար:

«Մասնավորապես՝ Ն.Հ-ն, համաձայն նախնական դերաբաշխման, գերեզմանատանը հուղարկավորման հարցով իրենց դիմած բազմաթիվ քաղաքացիների ներկայացել է որպես գերեզմանատանը հողահատկացումը կարգավորող իրավասու անձ, և վստահություն առաջացնելու նպատակով, նույնիսկ այցելել է գերեզմանատուն ու ցույց տվել ազատ հողատարածքներ: Այնուհետև համաձայնության գալով գնի շուրջ՝ խաբեությամբ հափշտակել է գումարը և փոխանցել հանցակցին՝ ստանալով իր մասնաբաժինը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, մեղադրանք է առաջադրվել 2 անձի, ընտրվել են խափանման միջոցներ: Կատարվում է նախաքննություն:-0-