Հայկական եռագույնով լուսավորված երկնաքերի պատկերով գեղաթերթիկը մարվել է Նյու Յորքի ցուցահանդեսի ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի դրոշի գույներով լուսավորված նյույորքյան երկնաքերի պատկերով գեղաթերթիկը մարվել և շրջանառության մեջ է դրվել «Նյու Յորք 2016» միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի ժամանակ, հաղորդում է «ՀայՓոստ» հայկական ազգային փոստային օպերատորի մամուլի ծառայությունը:
Նամականիշը տպագրվել է Ֆրանսիայում և ունի խնձորի տեսք, որը խորհրդանշում է Նյու Յորք քաղաքը (Նյու Յորքն ամերիկյան խոսակցական լեզվով ասում են «Մեծ Խնձոր»): Գեղաթերթիկը տպվել է 30 000 հազար տպաքանակով, նամականիշի չափսերը` 40,0 x 39,2 մմ, գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 55,0 մմ:
Մարումն իրականացրել են ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան, մշտական ներկայացուցիչ Զոհրապ Մնացականյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
Հայփոստ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է, որը տրամադրում է փոստային, ֆինանսական և մանրածախ առևտրային ծառայություններ: Այժմ ‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է 900 փոստային բաժանմունքներում, որոնք գործում են ՀՀ բոլոր քաղաքներում և գյուղերում:
«ՀայՓոստ» ՓԲԸ-ի միակ բաժնետերը Հայաստանի կապի և տրանսպորտի նախարարությունն է: -0-