Հայտնաբերվել է Գեղարքունիքում սիբիրախտով վարակի աղբյուրը
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օրեր առաջ Առողջապահության նախարարությունից տեղեկատվություն էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ համայնքի մի քանի բնակիչների մոտ ախտորոշվել է սիբիրյան խոց:
Ինչպես հայտնում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների կողմից հիվանդ կենդանին հայտնաբերվել էր, նմուշառում էր կատարվել և ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Պարզվել էր, որ համագյուղացիներով կենդանու մորթ են իրականացրել և միսը բաժանել իրար մեջ:
«Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ հաստատվել է, որ կենդանին եղել է սիբիրախտով հիվանդ: Տեսչական մարմնի մասնագետները 34 ընտանիքից հավաքել են կենդանու միսը, սառնարաններում առկա այլ մթերքները, հայտնաբերվել է նաև կենդանու գլուխը և կաշին: Հավաքված մսեղիքը և մթերքները սահմանված կարգով անասնագերեզմանոցում այրվել են: Նշենք, որ կենդանու մոտ հիվանդությունն առաջացել է, քանի որ անասնատերը հրաժարվել է պատվաստումից», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
Գեղահովիտ համայնքում առկա մյուս բոլոր կենդանիները ջերմաչափվել են և գտնվում են մասնագետների վերահսկողության տակ, այլ դեպքեր չեն գրանցվել:
Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում oգոստոսի 20-ին նմուշառված կասկածելի հիվանդներից 3-ի մոտ ևս հաստատվել է սիբիրյան խոց: Ընդհանուր առմամբ համայնքում արձանագրվել է լաբորատոր (ՊՇՌ) հաստատված 8 դեպք։ Հիվանդները ստանում են համապատասխան բուժում և ունեն լավացման դրական տեղաշարժ: Հիվանդության կանխարգելման աշխատանքները շարունակվում են։ Ներկա պահին Գեղհովիտ համայնքում նոր հիվանդներ չկան:-0-