Նախարար. Հայաստանում չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումը կլինի անվճար

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի վճարել ուռուցքաբանական ծառայությունների համար: Այդ մասին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չորեքշաբթի հրավիրված մամուլի ասուլիսին:
«Մենք այս տարի ունենք մոտ 700 միլիոն դրամի աճ ուռուցքաբանական ծառայությունների համար, դա անցյալ տարվա 1.1 մլրդ դրամի վրա է ավելացել: Պետք է որոշում կայացվեր` այդ 700 միլիոնն ինչի վրա ենք ծախսելու և քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրակայոթյան, որ պետք է փորձենք մեղմել քաղաքացիների վրա եղած բեռը», – նշեց Թորոսյանն` ավելացնելով, որ խոսքը համավճարի մասին է:
«Նախկինում պետությունը ուռուցքաբանական վիրահատության համար վճարում էր գումարի շատ քիչ մասը, իսկ մեծ մասը վճարում էր քաղաքացին: Եվ տրամաբանական չէր դա կոչել պետպատվեր կամ պետության կողմից երաշխավորված պետօգնություն», - նշեց նա:
Ըստ նրա, որոշվել է, որ այդ 700 մլն դրամի մեծ մասը ծախսվելու է համավճարը հանելու համար:
«Հիմա, եթե կարիք կլինի ուռուցքաբանական վիրահատության այն բժշկական կենտրոններում, որոնք կունենան պետպատվեր` ոչ բոլոր, քանի որ մենք պայմաններ ենք նաև դրել, թե ում ենք տալու պետպատվերը, ապա վիրահատության համար քաղաքացին գումար չի վճարի»,-ասաց Թորոսյանը` նշելով, որ պետությունը կփոխհատուցի այդ վիրահատության գինն ամբողջությամբ և շուկայական գնով:
«Դա շատ կարևոր է, որովհետև մենք ունենք նաև այլ ծառայություններ, որոնք որ, ասում են, պետպատվեր է, սակայն գները շուկայական չեն, շուկայականից ցածր են, և միշտ բուժհաստատությունն այլ ակնկալիք ունի: Այս դեպքում ակնկալիքներ չպետք է լինեն, որովհետև գումարները լինելու են շուկայական և ինքնարժեքից բարձր: Նաև ուռուցքաբանության վրա ավելացվելու է արագացուցիչներով ճառագայթային բուժումը, որը մինչև հիմա չի եղել: Ամեն կուրսը 1 մլն-ից ավել գումարի մասին է խոսքը», - ասաց նախարարը:-0-