Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-9

Փոփոխություններ են կատարվել զինծառայությունից գումարով ազատվելու օրենքում

12.12.2019, 15:00
Պարտադիր զինծառայությունից գումարով ազատվելու վերաբերյալ օրենքը կգործի մինչև դեկտեմբերի 31-ը

Փոփոխություններ են կատարվել զինծառայությունից գումարով ազատվելու օրենքում

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Այսօր` դեկտեմբերի 12-ին, Հայաստանի կառավարության նիստում որոշում է ընդունվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի նախագծում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ:

Ըստ գործող օրենքի, 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում հնարավորություն է տրվում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և, վերադառնալով հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից:

Օրենքի նախագծում փոփոխությամբ առաջարկվում է ժամկետը երկարաձգել մինչև 2019թ.-ի դեկտեմբերի 31-ը: Օրենքը ուժը կորցրած կհամարվի 2020թ-ի հունվարի 1-ից: 

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքով, օրենքը հանդիսացել է կոնկրետ ժամանակահատվածում, կոնկրետ քաղաքական-տնտեսական հիմնավորվածության շրջանակներում պետության կողմից դրսևորված խրախուսական բնույթի ակտ, որը հնարավորություն է տվել օրենքի նորմերի կիրառմամբ դադարեցնել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձանց քրեական հետապնդումը:

«Օրենքի գործունեության ժամանակային ընթացքը ցույց է տվել, որ այն փաստացի դարձել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց, որի արդյունքում 18 տարին լրացած շատ քաղաքացիներ, հույսը դնելով օրենքի պարբերաբար երկարաձգումների վրա, նախընտրում են Հայաստանը լքելու միջոցով խուսափել զորակոչից, այնուհետ սահմանային տարիքը լրանալուց հետո վճարել համապատասխան գումարը և ազատվել քրեական պատասխանատվությունից, ինչը արդարացի չէ իրենց սահմանադրական պարտականությունը կատարած, Հայաստանում ապրող քաղաքացիների նկատմամբ»,- նշել է Դավիթ Տոնոյանը:

Նախարարի խոսքով, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած մարդկանց թիվը հասնում է 3 հազարի, որոնցից երկու հազարը կազմում են 27-ը լրացած անձինք:  

Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու տուգանքի առավելագույն չափը կազմում է 1,8 մլն. դրամ (մոտ 3,76 հազ. դոլար): -0-