Ռուս սահմանապահները ձերբակալել են ՀՀ սահմանն անօրինական հատած Թուրքիայի քաղաքացուն
20.09.2017,
15:33
Ռուս սահմանապահները ձերբակալել են անհայտ անձի, ով ապօրինի հատել է պետական սահմանը։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Արտաշատի սահմանային ջոկատի հատվածում, Եղեգնավան բնակավայրի մոտ, ռուս սահմանապահները ձերբակալել են անհայտ անձի, ով ապօրինի հատել է պետական սահմանը, հայտնում է ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը։
Սահմանախախտների բացահայտման նոր միջոցի շնորհիվ, սահմանապահ զորքերը մի քանի րոպեում ձերբակալել են չարագործին, ով Թուրքիայի քաղաքացի է` ծնված 1972 թվականին։
Ձերբակալվածի խոսքով, նա հովիվ է և ապրում է Իգդիր նահանգի Արալիք գավառի Գեդակլի բնակավայրում։ Պետական սահմանը նա ստիպված է խախտել, որպեսզի կարողանա գտնել հոտից առանձնացած խոշոր եղջերավոր անասուններին։
Սահմանախախտի խոսքերը ստուգում են իրավասու մարմինները, որոնք կբացահայտեն տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։ –0–