Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Ակտիվիստները Հայաստանի կառավարության շենքի մոտ պահանջում են փոփոխություններ չկատարել հղիության նպաստների համակարգում

23.10.2014, 17:44
Ակտիվիստները հինգշաբթի բողոքի ցույց են անցկացնում Հայաստանի կառավարության շենքի առջև` կոչ անելով զերծ մնալ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին» օրենքով նախատեսված հղիության նպաստների համակարգում կատարելիք փոփոխություններից։
Ակտիվիստները Հայաստանի կառավարության շենքի մոտ պահանջում են փոփոխություններ չկատարել հղիության նպաստների համակարգում
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ակտիվիստները հինգշաբթի բողոքի ցույց են անցկացնում Հայաստանի կառավարության շենքի առջև` կոչ անելով զերծ մնալ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին» օրենքով նախատեսված հղիության նպաստների համակարգում կատարելիք փոփոխություններից։

Սոցիալական ապահովման պետական ծառայությունը շրջանառության մեջ է դրել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին» օրենքի լրացումների նախագիծը, որի համաձայն, առաջարկվում է հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանել մայրության նպաստ։ Օրենսդրական փոփոխություններով ենթադրվում է ընդլայնել պետբյուջեից նպաստի իրավունք ունեցող անձանց շրջանակը։ Մասնավորապես, 2016 թվականից ծրագրվում է նաև նպաստ տրամադրել չաշխատող մայրերին հղիության և ծննդաբերության արձակուրդի 140–օրյա ժամանակահատվածի համար (գործող օրենսդրությամբ, նպաստ է տրվում միայն աշխատող կանանց)։ Ենթադրվում է հաշվարկել չաշխատող կանանց մայրական նպաստը` ելնելով ամսական նվազագույն աշխատավարձից (50 հազար դրամ)։ Այդ նպատակների համար ծրագրվում է արդեն 2016 թվականին լրացուցիչ հատկացնել 8 մլրդ դրամ։

Միաժամանակ, ակտիվիստների խոսքով, լրացումների նախագծով նախատեսվում է 2015 թվականից կրճատել աշխատող կանանց տրվող նպաստը` կախված աշխատանքային ստաժից։ Այսպես, նույն աշխատավայրում մինչև մեկ տարվա ստաժ ունենալու դեպքում նպաստը կկազմի աշխատավարձի 40 տոկոսը, 1-3 տարվա դեպքում` 60 տոկոսը, իսկ ավելի քան 3 տարվա դեպքում` աշխատավարձի 80 տոկոսը։ Նաև հաստատվում է սահմանափակման վերին նշաձողը, որի համաձայն, հղիության և ծննդաբերության նպաստի գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի հնգապատիկը։

«Մենք ողջունում ենք չաշխատող մայրերին նպաստների հատկացումը, բայց ոչ աշխատող մայրերի հաշվին»,– նշեցին ակտիվիստները։

Նրանք կառավարությանն են ներկայացրել իրենց դիմում–նամակը, որում կոչ են անում իշխանություններին զերծ մնալ նմանատիպ փոփոխություններից, որոնք, նրանց կարծիքով, կնպաստեն աշխատող մայրերի շրջանում ծնելիության կրճատմանը, աշխատունակ բնակչության արտագաղթի աճին, ինչպես նաև խախտում են սոցիալական հավասարության և գենդերային հավասարության սկզբունքները։

Ակցիայի ակտիվիստների կարծիքով, չաշխատող մայրերի նպաստների հարցը կարելի է լուծել ոչ թե աշխատող կանանց, այլ շքեղության և թանկ ավտոմեքենաների` չեղյալ հայտարարված հարկերը վերականգնելու հաշվին։

Ակցիայի անցկացման պահին կառավարության պատերի մոտ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացնում էր նույն օրինագիծը լրագրողների հետ ճեպազրույցում։

Նախարարի խոսքով, վերջին տարիներին հղիների և ծննդաբերության նպաստների վճարման ծախսերն աճել են գրեթե երեք անգամ` 4.5 մլրդ դրամից մինչև գրեթե 12 մլրդ դրամ 2014 թվականի վերջին, ծնելիության աճի կամ աշխատող մայրերի աշխատավարձերի բարձրացման բացակայության դեպքում։

Նա նշեց, որ Հայաստանում ծնելիության մակարդակը մնում է գրեթե անփոփոխ` տարեկան մոտ 41-42 հազար ծնունդ։

«Եթե տրվող նպաստների ծավալի աճը պայմանավորված լիներ ծնելիության աճով, ապա պետությունը կդիտարկեր նպաստների հատկացման լրացուցիչ բյուջետային միջոցներ գտնելու հնարավորությունը։ Սակայն նախարարության անցկացրած հետազոտության համաձայն` դա առավելապես կապված է նրա հետ, որ հղիության և ծննդաբերության նպաստ ստացած կանանց մոտ 20 տոկոսն աշխատանքի են ընդունվել դեկրետ դուրս գալուց միայն 2-3 ամիս առաջ»,– ասաց Ասատրյանը։

Ըստ նրա, հաշվի առնելով այդ վիճակագրությունը, նախարարությունն առաջարկել է լրացումներ կատարել օրենսդրությունում հատկացվող նպաստների հասցեականությունը, դրանց տրամադրման արդյունավետությունը բարձրացնելու և բյուջետային ռեսուրսների նպատակային օգտագործման օպտիմալ լուծումներ գտնելու և ծրագրի հնարավոր շահառուների թիվն ավելացնելու համար։

Նախարարն ասաց, որ նպաստի չափը չաշխատող մայրերի համար առաջարկվում է հաշվարկել նվազագույն աշխատավարձի հիման վրա, իսկ աշխատող մայրերի համար` աշխատավարձի և աշխատանքային ստաժի որոշակի տոկոսային հարաբերակցության հիման վրա։

Հղում անելով համաշխարհային փորձին` նա ասաց նաև, որ ոչ մի երկրում չկա կանանց` դեկրետ գնալու կապակցությամբ աշխատավարձի 100–տոկոսանոց փոխհատուցում։ Ասատրյանի խոսքով, փոփոխությունների ընդունումը թույլ կտա ավելացնել ծրագրի շահառուների թիվը 30 հազարով մինչև 2016 թվականը, ինչի համար կպահանջվի լրացուցիչ մոտ 8 մլրդ դրամ բյուջետային միջոցներ։

«Հաջորդ շաբաթ ծրագրվում է այդ հարցով խորհրդարանական լսումներ կազմակերպել, ինչից հետո բոլոր առաջարկությունները կամփոփվեն և կներկայացվեն կառավարության դիտարկմանը։ Հույս ունենք, որ կկարողանանք հարցի ընդունելի և արդար լուծում գտնել»,– ասաց Ասատրյանը։

Սոցիալական հարցերի նախարարության տվյալներով, մոտ 13 հազար կին տարեկան հղիության և ծննդաբերության նպաստ են ստանում, իսկ փոփոխությունների ընդունումից հետո նպաստ կստանա տարեկան ևս մոտ 30 հազար կին։ Նախարարությունում նշում են, որ, հաշվի առնելով այն փաստը, որ մինչև 2016 թվականն ամսական միջին աշխատավարձի չափը կկազմի 80 հազար դրամ, չաշխատող կինը կստանա մոտ 365 հազար դրամ (մաքուր` մոտ 274 հազար դրամ)։ ($1 – 409,40 դրամ)։ –0—