Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում ուսումնասիրություն է սկսվել 206 անձի պատկանող գույքի վերաբերյալ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում ուսումնասիրություն է սկսվել 206 անձի պատկանող գույքի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրությունների գործընթացն օրենքով սահմանված կարգով հնարավոր ամենասեղմ ժամկետում կազմակերպելու և դրանց անխոչընդոտ իրականացումն ապահովելու նպատակով դեռևս 2020թ. օգոստոսին ՀՀ գլխավոր դատախազի տված հանձնարարության համաձայն դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առանձնացվել էին այն քրեական գործերը, որոնց շրջանակներում կարող է լինել ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության վերաբերյալ կասկած:
Առանձնացված բոլոր գործերի վերաբերելի նյութերն ուղարկվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
2020թ. սեպտեմբերի 3-ից, այսինքն ՀՀ գլխավոր դատախազությունում պատասխանատու ստորաբաժանման ստեղծումից մինչ նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել է շուրջ 200 նյութ՝ քրեական գործերով հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույք ունեցող 405 սուբյեկտի վերաբերյալ։ Ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության ստուգման արդյունքում նրանցից 206-ին պատկանող գույքի առնչությամբ որոշում է կայացվել սկսել ուսումնասիրություններ, որոնք ընթացքի մեջ են:
«Նախաձեռնված յուրաքանչյուր ուսումնասիրության շրջանակներում իրականցվում է համապարփակ, մանրամասն, արդյունքին միտված վերլուծություն՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ, արդյունավետ, քաղաքացիների իրավունքի հարգմամբ և հաշվառմամբ գործադրելու ապօրինի ծագում ունեցող գույքը տնտեսական շրջանառությունից դուրս բերելու «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կառուցակարգերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՀՀ գլխավոր դաստախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն այս ընթացքում աշխատել և շարունակում է աշխատել ուժերի գերլարումով՝ հաշվի առնելով ստորաբաժանման ամբողջական կազմի լիարժեք համալրված չլինելու հանգամանքը:
Վարչության աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով դրանց ներգրավվել են նաև տնտեսագետներ։ Պատասխանատու ստորաբաժանման ձևավորումից հետո վերջիններիս ընտրության համար հայտարարվել և անցկացվել է բաց մրցույթ, որի արդյունքներով հաղթող է ճանաչվել 4 տնտեսագետ։
Մեկնարկած գործընթացի շրջանակներում ամբող ծավալով և հետևողականությամբ գործադրվելու է ողջ իրավական գործիքակազմը՝ համապատասխան վարույթների շրջանակներում ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ տվյալների ձեռքբերման, տնտեսական շրջանառությունից դրանց դուրս բերման, բացառապես իրավական ընթացակարգերով և իրավաչափ գործիքակազմով դրանք օրինական տիրոջը՝ պետությանը վերադարձնելու, պետության խախտված իրավունքները վերականգնելու համար:-0-