Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-10

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բարձր վարկանիշային բուհերի ուսանողների զինծառայությունից ազատման նախագիծը

Այսօր, 12:21
Բարձր վարկանիշային բուհերի սովորողները հնարավորություն կունենան ազատվելու պարտադիր զինվորական ծառայությունից․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բարձր վարկանիշային բուհերի ուսանողների զինծառայությունից ազատման նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/ԱՌԿԱ/․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը։

Ըստ նախագծի՝ Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին 5 տասնյակում ընդգրկված բուհերում ուսման հիմքով տարկետում ստացած քաղաքացիները հնարավորություն կունենան ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի աշխատել ՀՀ կառավարության կողմից սահմանված ոլորտներում՝ դրանից հետո ազատվելով զինծառայությունից։ 

Երեկ ԿԳՄՍ նախարարը հայտնել էր, որ 2018 թվականից ներդրվել է տարկետման հատուկ կարգ, որով տարկետում են ստանում այն քաղաքացիները, որոնք ուսումնառութուն են անցկացնում Շանհայի վարկանիշավորման առաջին հիսունյակում գտնվող բուհերից որևէ մեկում։ 

Անդրեասյանի խոսքով, այսօր ավելի քան 600 քաղաքացիներ օգտվել են տարկետման այս իրավունքից, որոնցից 570-ը դեռևս շարունակում են իրենց ուսումնառությունը։ 

«Միևնույն ժամանակ ուսումնասիրելով, թե ինչ է տեղի ունենում այն քաղաքացիների հետ, որոնք արդեն իսկ ավարտել են իրենց ուսումնառությունը, մենք տեսնում ենք, որ իրականում այն կապիտալը, որը զարգանում է, այսինքն՝ այս հեղինակավոր բուհերում ուսումնառության արդյունքում ձևավորվող գիտելիքն ու հմտությունները իրականում չեն վերադառնում ՀՀ և չեն ծառայում այստեղ ոչ հանրային, ոչ տնտեսական զարգացման օրակարգին», - ասել է Անդրեասյանը։ 

Նրա խոսքով՝ այս կարգավորման հիմքում դրված է այն, որ այն քաղաքացիները, որոնք իրենց սեփական միջոցներով, հաղթահարելով համապատասխան խոչընդոտները, արդեն իսկ ուսումնառության հնարավորություն են ստացել աշխարհի ամենահեղինակավոր բուհերում, ունենան բավարար մոտիվացիոն գործիքակազմ՝ վերադառնալու և իրենց գիտելքիներն ու հմտություններն ի նպաստ Հայաստանին ծառայեցնելու համար։ 

Ըստ նախարարի՝ այս նախագծով մի կողմից կապահովվի նրանց վերադարձը Հայաստան, մյուս կողմից կառավորության ենթաօրենսդրական ակտի շրջանակում տրված կարգավորումներով կուղղորդվի նրանց գիտելիքների և հմտությունների կիրառումը հենց այն ոլորտներում, որի կարիքը առավելապես ունի Հայաստանը։ 

«Նախնական քննարկումները ցույց են տալիս, որ օրենսդրական այս կարգավորումը շատ սպասված է, և այն կարող է լինել ոլորտում մեծ քանակությամբ բարձրակարգ մասնագետների ներգրավման հնարավորություն։ Բացի այդ, նախատեսվել է բավականին կարճ ժամանակ՝ օրենքի ընդունումից հետո ընդամենը 2 ամիս՝ ենթաօրենսդրական կարգավորումը հաստատելու համար, ինչը հնարավություն կտա գրեթե անմիջապես կիրառել օրենքը», – նշել է Անդրեասյանը։