Դպրոցների բացման որոշումն ընդունվել է հասկանալով և հաշվարկելով բոլոր ռիսկերը․ Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․ ԱՌԿԱ/․ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի բացառել կորոնավիրուսի երկրորդ ալիքի առաջացումը և խոսել է դպրոցների աշխատանքի վերսկսման հետ կապված հնարավոր ռիսկերի մասին:
Հայաստանի հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին՝ բացառությամբ առաջին դասարանցիների, որոնց համար գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին։ Նոր ուսումնական տարում անցկացվելու է շաբաթական վեց օր` հինգի փոխարեն, դասարանները բաժանվելու են խմբերի: Դպրոցներում բոլորը պարտադիր պետք է դիմակ կրեն և պահպանեն մի շարք հակահամաճարակային կանոններ։
«Երկրորդ ալիքը կամ կորոնավիրուսի կրկնակի ակտիվացում կարող ենք սպասել, սկսած մարդկանց մեջ շարժունակությունից․ դա տնտեսական ակտիվությունն է, դպրոցների բացումը, ցուրտ սեզոնը»,- ասաց Թորոսյանը։
Նա նշեց, որ դպրոցների բացման որոշումն ընդունվել է հասկանալով և հաշվարկելով բոլոր ռիսկերը։
«Մենք հասկանում ենք, որ առանց դրա մենք կունենանք կրթության իրավունքից զրկված տասնյակ և հարյուր հազարավոր երեխաներ, այդ թվում՝ մեր երեխաները։ Անցյալ կիսամյակի դասապրոցեսից հասկացանք, որ հեռակա կրթությունը ոչ մի կերպ չի կարող փոխարինել առկա կրթությանը, բայց միևնույն ժամանակ պետք է ընդունենք և համակերպվենք կանոններով դասի գնալուն, որովհետև դրա այլընտրանքը դասի չգնալն է»,- ասաց Թորոսյանը։
Որպես երեխաների շրջանում կորոնավիրուսի տարածման օրինակ, նա նշեց, որ ամերիկյան մի ճամբարում, որտեղ երեխաները եղել են առանց հակահամաճարակային կանոնների պահպանման, վարակի արձանագրումը մի վարակակիր երեխայից տարածվել է մոտավորապես 95%-ով։
Նրա խոսքով, եթե դասարանում լինի մեկ վարակված աշակերտ, որը չգիտի իր վարակման մասին, սիմպտոմ չունի, և մյուս աշակերտները չկրեն դիմակներ, չպահպանեն սոցիալական հեռավորություն, ապա կլինի գրեթե 100%-անոց վարակման ցուցանիշ, ինչը կշանակի գրեթե 100% վարակում նրանց ընտանիքներում, որտեղ կլինեն ավելի խոցելի քաղաքացիներ։
«Հետևաբար, երեխաներին նույնպես պետք է պաշտպանենք։ Եվ այո, մենք գիտակցելով այդ ռիսկերը, բայց հաշվարկելով և դնելով կանոններ, մենք գնում ենք այդ քայլին։ Միևնույն ժամանակ, մենք պատրաստ ենք, որ եթե մենք օրական ունենանք 1000 նոր արձանագրվող դեպք, մենք պատրաստ ենք այդ դեպքերը սպասարկել, բայց պետք է անենք ամեն ինչ, որպեսզի նույնիսկ մեկ ավել դեպք չունենանք, քանի որ, դժբախտաբար 100 դեպքից մոտ 2-ը ավարտվում են մահվան ելքով»,- ասաց Թորոսյանը։-0-