Ձվի արտադրամասի գործունեություն է կասեցվել․ հայտնաբերվել են խախտումներ
28.04.2025,
13:52
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հավի ձվի արտադրամասի գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Արմինե Մարտիրոսյան ԱՁ-ին պատկանող հավի ձվի արտադրամասում (Կոտայքի մարզ, գ. Կամարիս), հայտնում են ՍԱՏՄ–ից։
Ստուգման ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները․
- շինության հատակի, պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով,
- առաստաղներն ապահով չեն եղել, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը,
- չի սահմանվել և չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն,
- սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն:
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հավի ձվի արտադրամասի գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։