Երևանում հանրային տրանսպորտի ծառայությունների վճարման կարգը խախտելու համար 354 ուղևոր է տուգանվել
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. 354 ուղևոր տուգանվել է Երևանում հանրային տրանսպորտի ծառայությունների վճարման կանոնները խախտելու համար։ Այս մասին երկուշաբթի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանը։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ հանրային տրանսպորտի ծառայությունների վճարման կանոնները խախտելու համար տուգանքի առաջին դեպքը գրանցվել է օգոստոսի 18-ին, չնայած ստուգումները սկսվել էին երկու շաբաթ առաջ։
«Նրանցից 227 մարդ երթևեկել էր առանց տոմսի, 48-ը՝ արտոնություն ունեցող այլ անձի զեղչված տոմսերով, 79 անձ վճարումը կատարել է ծառայության աշխատակիցների ստուգայցից և հորդորից անմիջապես հետո։ 5 տուգանքի որոշում բեկանվել է», - ասել է Բաբայանը։
Ըստ նրա, եթե տեղում տուգանվածներից բողոք է ստացվում, կապ է հաստատվում Երևանի տեխնոլոգիաների կառավարման կենտրոնի հետ և որոշվում է՝ քաղաքացին կատարել է վճարումը, թե ոչ։
«Եթե վճարումը կատարվել է, մենք տուգանքն անմիջապես բեկանում ենք», - ասել է Բաբայանը։ Ավինյանը հանձնարարել է սահմանել բողոքարկման հատուկ ընթացակարգ, որպեսզի դատարան դիմելուց առաջ քաղաքացին կարողանա կապվել քաղաքապետարանի հետ։
«Մենք կուսումնասիրենք կոնկրետ դեպքը, կպարզենք բոլոր մանրամասները և անհրաժեշտության դեպքում կչեղարկենք տուգանքը։ Այլ կերպ ասած՝ քաղաքացին պետք է հնարավորություն ունենա տուգանքը բողոքարկել անմիջապես մեզ մոտ», - ասել է քաղաքապետը։
Երևանի հանրային տրանսպորտում տուգանքների մասին
2025 թ.-ի հուլիսի 3-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որը նախատեսում է տուգանքների համակարգ Երևանի հասարակական տրանսպորտով առանց վճարման երթևեկելու կամ արտոնություն ունեցող այլ անձանց զեղչված տոմսն օգտագործելու համար։
Այսպիսով, տրանսպորտ նստելու պահին տոմսը կամ կրիչը չվավերացնելու համար նախատեսված է 3 հազար դրամ տուգանք, 10 հազար դրամ՝ առանց ուղևորության համար վճարելու տրանսպորտից օգտվելու և 15 հազար դրամ՝ արտոնություն ունեցող այլ անձանց զեղչված տոմսն օգտագործելու համար։