Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-9

Հայաստան է հասել «Հաղթանակի էստաֆետը»

02.04.2015, 14:17
Ռուս սահմանապահները հինգշաբթի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ԱԱԱԾ Սահմանային զորքերի ներկայացուցիչներին հանդիսավոր կերպով  փոխանցեցին «Հաղթանակի էստաֆետի» խորհրդանիշը։
Հայաստան է հասել «Հաղթանակի էստաֆետը»
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուս սահմանապահները հինգշաբթի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ԱԱԱԾ Սահմանային զորքերի ներկայացուցիչներին հանդիսավոր կերպով  փոխանցեցին «Հաղթանակի էստաֆետի» խորհրդանիշը։

«Մենք` վետերաններս, ուրախությամբ ընդունեցինք էստաֆետը և կշարժվենք Հայաստանի սահմանով անցնող ողջ երթուղով։ Վստահ ենք, որ այս միջոցառումը կնպաստի մեր ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդմանը, կբարձրացնի մեր սահմանապահների մարտական ոգին», – էստաֆետի փոխանցման ընթացքում ասաց ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության վետերանների խորհրդի նախագահ, գնդապետ Գրիգորի Յավրումովը։

Նրա խոսքերով` վետերանները, սահմանապահների նման, անում են հնարավորը, որպեսզի Հայաստանի սահմանները հուսալիորեն պաշտպանված լինեն։

Սահմանապահ վետերան, գնդապետ Յուրի Վորոնովն իր հերթին նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը հպարտանում է իր սահմանապահ զորքերով, քանի որ դրանք ստեղծվել են ԽՍՀՄ նախկին զորքերի հիման վրա` հաշվի առնելով լավագույն ավանդույթները, որոնցով հպարտանում են ԱՊՀ բոլոր երկրները։

«Հայաստանի Հանրապետության պետական սահմանը առանձնահատուկ է, և սահմանապահի մասնագիտությունը դառնում է ժառանգական։ Մենք ունենք բազմաթիվ սպաներ, Հայրենական պատերազմի վետերաններ, որոնց երեխաները շարունակել են ծառայել սահմանապահ զորքերում», – ասաց Վորոնովը։

Նրա խոսքերով` այս էստաֆետի փոխանցումը մի սերնդից մյուսին այն սկզբունքների փոխանցումն է, որոնք կոչվում են «մարտական ավանդույթներ», իսկ այդ ավանդույթների կրողները վետերաններն են։

Ապրիլի 2–ից 4–ն էստաֆետը կանցկացվի Հայաստանի ԱԴԾ սահմանապահ զորքերի կողմից պահպանվող պետական սահմանի հատվածով։

Ապրիլի 4–ին Գյումրիում Հայաստանի սահմանապահներն էստաֆետի խորհրդանիշը կփոխանցեն Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության աշխատակիցներին։ Ապրիլի 4–7–ն էստաֆետային խումբը կանցնի հայ–թուրքական և հայ–իրանական պետական սահմանի հատվածի երկայնքով։

Ապրիլի 7–ին Հաղթանակի էստաֆետի խորհրդանիշը կլքի հանրապետության տարածքը և կփոխանցվի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության Կարելիայի Հանրապետության (Պետրոզավոդսկ ք.) աշխատակիցներին։  

Էստաֆետի ընթացքում կկազմակերպվեն հիշատակի միջոցառումներ`Հայաստանի մարզերի ղեկավարության մասնակցությամբ, հանդիպումներ պատերազմի և սահմանապահ զորքերի վետերանների հետ։

Համագործակցության սահմանների երկայնքով Հաղթանակի էստաֆետի անցկացման որոշումն ընդունվել էր ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդում 2012 թվականի դեկտեմբերին։ Հիմնական նպատակը միաբանության ամրապնդումն է և Անկախ պետությունների համագործակցության ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամության ամրապնդումը, Հայրենական մեծ պատերազմի տարիներին ֆաշիզմի դեմ մեր երկրների հերոսական պայքարի հիշատակի պահպանումը, ինչպես նաև սահմանային մարմինների աշխատակիցների և սահմանամերձ բնակավայրերի բնակչության հայրենասիրական դաստիարակումն ավագ սերնդի մարտական ավանդույթների ոգով։

Էստաֆետի մեկնարկը կայացել է փետրվարի 2–ին և անցնում է միաժամանակ երկու երթուղիներով։ Առաջինը մեկնարկել է բելառուսական Բրեստից, և Բելառուսի սահմանային հատվածների երկայնքով անցնելուց հետո կտեղաշարժվի Ռուսաստանի և Հայաստանի արևմտյան սահմաններով։ Ծրագրվում է, որ այդ փուլը կանցնի Ղրիմի տարածքով դեպի Կերչ, Սևաստոպոլ, Սիմֆերոպոլ և Հայրենական մեծ պատերազմի առավել թեժ մարտերի վայրերով։

Երկրորդ երթուղու մասնակիցները սկսում են երթուղին Մուրմանսկից և անցնում  Մուրմանսկի և Արխանգելսկի մարզերի սահմանային հատվածների երկայնքով, Ռուսաստանի բևեռային ափով, Չուկոտկայով, Կամչատկայի շրջանով, Սախալինով, Պրիմորիեի երկրամասով, Խաբարովսկի երկրամասով և Հրեական ինքնավար  մարզով, Ամուրի մարզով, Զաբայկալիե երկրամասով, Տիվայով, Ալթայով և Ալթայի երկրամասով։ Այնուհետև նրանք կանցնեն Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի տարածքով։

Մոնղոլիայի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել էստաֆետի փուլերից մեկն անցկացնել իրենց տարածքում` հարգանքի տուրք մատուցելու համար պապերին, հայրերին, մոնղոլ ռազմիկների հարազատներին և մտերիմներին, ովքեր մասնակցել են պատերազմին։

Էստաֆետային խմբերի հանդիպումը ծրագրված է մայիսի 28–ին Մոսկվայում` «Հայրենիքի սահմանապահների» հուշարձանի մոտ և Պոկլոննայա բլրին, որտեղ կանցկացվի «Հաղթանակ-70» էստաֆետի ավարտը նշանավորող հանդիսավոր հավաքը։

Բոլոր փուլերում ԱՊՀ յուրաքանչյուր պետության տարածքում պատրաստված են էստաֆետային խմբեր, որոնց կազմում ներառված են սահմանապահ գերատեսչությունների, վետերանների կազմակերպությունների, հասարակական միավորումների և ռազմահայրենասիրական ակումբների ներկայացուցիչներ։ Յուրաքանչյուր հատվածում նախատեսված են մի շարք կազմակերպչական միջոցառումներ, որոնք նվիրված են Հաղթանակի 70–ամյակին և Սահմանապահի օրվան։

Միջազգային ակցիայի անցկացման նպատակով ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության կողմից պատրաստվել են «Հաղթանակ 70» էստաֆետի խորհրդանիշներ, որոնք հետագայում պահպանության համար կփոխանցվեն 1941–1945 թթ.–ի Հայրենական պատերազմի կենտրոնական թանգարան և ՌԴ ԱԴԾ կենտրոնական սահմանային թանգարան։ Բացի այդ, ԱՊՀ մասնակից պետություններից յուրաքանչյուրը պատրաստել է իր խորհրդանիշը, որը հետագայում կներկայացվի այդ պետության թանգարանում։

Գլխավոր առանձնահատկություններից մեկը կդառնա էստաֆետի անցկացումը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում Խորհրդային միության դերի պատմական կեղծման և խեղաթյուրման ժամանակահատվածում։ Այս բացասական երևույթներին դիմակայելու համար յուրաքանչյուր փուլում հատուկ ուշադրություն է դարձվելու միջոցառմանը Հայրենական պատերազմի սահմանապահ վետերանների մասնակցությանը, ովքեր խորհրդային ժողովրդի հերոսության կենդանի վկաներն  են։

Հայրենական պատերազմի վետերանների համար այս էստաֆետը ևս մի հնարավորություն է պատմելու իրականությունը պատերազմի մասին, այդ պատճառով գործող սահմանապահների և երիտասարդների հետ միասին նրանք ակտիվորեն կմասնակցեն ակցիայի անցկացման բոլոր փուլերին։ Ընդ որում, կմասնակցեն ոչ միայն պատերազմի մասնակիցները, այլ նաև վետերանների մնացած կատեգորիաները` ռազմական ծառայության, մարտական գործողությունների վետերանները։

Հաղթանակի 70–ամյակի տոնակատարությունների շրջանակում շատ վայրերում նախատեսված են և ակտիվորեն անցկացվում են իրավահաջորդության ակցիաներ, երբ Հայրենական պատերազմի մասնակիցները դիմում են լոկալ պատերազմների և մարտական գործողությունների վետերաններին և նրանց են փոխանցում սերունդների խորհրդանշական էստաֆետը։ Երիտասարդ վետերանները պարտավորվում են հարգել հիշատակն ու պահպանել բոլոր ավանդույթները, որոնք ձևավորվել են Հայրենական պատերազմի վետերանների կողմից, տանել դրանք ողջ կյանքի ընթացքում և փոխանցել հաջորդ սերունդներին։

Էստաֆետը հնարավորություն է տալիս դրսևորվելու և ցույց տալու կանանց կազմակերպությունների տաղանդները` նրանց մանկական թեմայով, գեղարվեստական ինքնագործունեության համերգներով։ Նրանցից շատերը մասնակցում են «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» մանկական նկարի միջազգային մրցույթին, որը նվիրված է Հայրենական պատերազմին։ Հետագայում նախատեսվում է կազմակերպել հաղթողների նկարների ցուցահանդեսներ։

«Հաղթանակ 70» էստաֆետի և դրա հետ կապված միջոցառումների նպատակն է ներգրավել սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը սահմանապահների աջակցության գործում։ Իսկ «Պետական սահմանը պահպանում է ողջ ժողովուրդը» կարգախոսը պետք է գործնականում մարմնավորվի նոր պատմական պայմաններում և նախկին ԽՍՀՄ սահմաններին հանրապետությունների միջև փոխհարաբերություններում։–0–