Հովհաննիսյան. հայ-ադրբեջական սահմանին լարվածության նվազում ունենք

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./ԱՌԿԱ/. Այս պահին օպերատիվ վիճակը Տավուշի մարզում համեմատաբար հանգիստ է: Այս մասին միասնական տեղեկատվական կենտրոնի մամուլի կենտրոնում հայտնել է միասնական տեղեկատվական ճգնաժամային կենտրոնի կոորդինատոր Արծրուն Հովհաննիսյանը Իջևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Այս պահին օպերատիվ վիճակը համեմատաբար հանգիստ է, և այդ վիճակը սկսվել է 18:00-ից, շատ քիչ կրակոցներ կան, լարվածության նվազում ունենք»,- նշել է նա:
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին
ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Ավելի ուշ, Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:
Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում:
Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել:
Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան:
ՊՆ խոսնակի հաղորդմամբ, հուլիսի 13-ին թեթև մարմնական վնասվածներ են ստացել սահմանին մարտական ծառայություն իրականացնող երկու ոստիկան:
Հուլիսի 14-ի գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը հայկական ԶՈՒ-ի կողմից վարված կրակով կասեցվել է։
Այս պահի դրությամբ, ցավոք, հայկական կողմն ունի 4 զոհ: -0-