Рейтинг@Mail.ru
USD
378.89
EUR
440.42
RUB
4.8644
GEL
140.6
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հունվարի 1–ից Վրաստան մուտք գործող բոլոր զբոսաշրջիկները պետք է պարտադիր ունենան առողջության և դժբախտ պատահարի ապահովագրություն

29.12.2025, 16:17
Վրաստան մուտք գործող բոլոր զբոսաշրջիկների համար պարտադիր է դառնում առողջության և դժբախտ պատահարի ապահովագրությունը, ապահովագրական գումարը պետք է կազմի նվազագույնը 30․000 լարի

Հունվարի 1–ից Վրաստան մուտք գործող բոլոր զբոսաշրջիկները պետք է պարտադիր ունենան առողջության և դժբախտ պատահարի ապահովագրություն

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2026 թվականի հունվարի 1-ից, համաձայն «Զբոսաշրջության մասին» Վրաստանի օրենքի, Վրաստան մուտք գործող բոլոր զբոսաշրջիկների համար պարտադիր է դառնում առողջության և դժբախտ պատահարի ապահովագրության առկայությունը։ 

Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ հղում անելով Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը։ 

«Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է ներկայացնել ապահովագրության առկայության վերաբերյալ փաստաթուղթ՝ ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով, կազմված՝ վրացերեն կամ անգլերեն», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Ապահովագրական փաստաթուղթը կարող է տրամադրվել, ինչպես վրացական, այնպես էլ միջազգային ապահովագրական ընկերությունների կողմից, և ապահովագրական գումարը պետք է կազմի նվազագույնը 30․000 լարի։ 

Ապահովագրական ծածկույթը պետք է պարունակի հետևյալը.

• Ապահովագրական պայմանագրի կողմեր

• Ծածկույթի տարածք

• Ապահովագրության առարկա

• Ապահովագրական ժամանակահատվածի մեկնարկի և ավարտի ժամկետներ

• Ապահովագրված ռիսկեր

• Ապահովագրական գումարի չափ

• Ապահովագրական վճարի չափ, վճարման վայր և ժամկետ։ 

Ապահովագրությունը պետք է գործի զբոսաշրջիկի Վրաստան մուտք գործելուց մինչև մեկնումը՝ նրա երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի ընթացքում։