Կադաստրի կոմիտեն առաջարկում է ներդնել թվային հարթակ՝ անշարժ գույքի պայմանագրերի գրանցման համար
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. Անձնական գրասենյակում տեղադրված կլինեն այն պայմանագրերը, որոնք քաղաքացիները կկարողանան ստորագրել էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ինչպես նաև մուտքագրել գնորդին վերաբերող տեղեկատվությունը, որի արդյունքում գնորդը ևս կկարողանա անհրաժեշտ գործողություն կատարել, ԱԺ-ում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
Ինչպես նշել է Սուրեն Թովմասյանը, Կադաստրի կոմիտեում տևական ժամանակ է իրականացվում են թվայնացման աշխատանքներ:
«Քննարկումներ են եղել որոշակի գործիքակազմի ներդրմամբ հնարավորություն ստեղծել, որ ինքնաշխատ էլեկտրոնային համակարգի միջոցով որոշ պայմանագրերի տեսակներ հնարավոր լինեն ստորագրել ու ներկայացնել իրավունքի պետական գրանցման»,-ասել է նա։
Նրա խոսքով ներկայում կան Կառավարության կողմից հաստատված պայմանագրերի տեսակներ, որոնք հնարավոր է կնքել Կադաստրի կոմիտեի գրասենյակներում և ներկայացնել իրավունքի պետական գրանցման՝ առանց նոտարական վավերացման:
Ներկայացնելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխությունները՝ կոմիտեի ղեկավարը տեղեկացրել է, որ անշարժ գույք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի, մուտք գործելով էլեկտրոնային համակարգ և նույնականացվելով «Ես եմ»-ի միջոցով, կկարողանա մտնել իր անձնական գրասենյակ բաժինը:
«Գնորդի կողմից էլեկտրոնային հարթակում առուվաճառքի պայմանագիրը ստորագրվելուց հետո այն կմուտքագրվի Կադաստրի կոմիտեի տեղեկատվական շտեմարան՝ որպես դիմում և կգրանցվի ինքնաշխատ եղանակով»,-ասել է նա։
Ըստ Սուրեն Թովմասյանի՝ առաջարկվող կարգավորումները նախատեսվում է գործարկել մեկուկես տարի ժամկետով՝ նպատակ ունենալով մանրամասն թեստավորելու էլեկտրոնային համակարգերը:
Թովմասյանի խոսքով՝ նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխությունները միտված են հեշտացնելու եւ արագացնելու գործարքները, կրճատելու դրանց իրականացման համար պահանջվող ծախսերը: