Կառավարությունը երկու ամսով երկարաձգեց Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունն այսօր նիստի ժամանակ որոշում է ընդունել երկու ամսով երկարաձգել Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցությունը։
Հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկմանն վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ անհրաժեշտություն է առաջացել տրամադրվող աջակցությունը 2 ամսով տրամադրել նաև թիրախ խմբերից դուրս բոլոր մյուս բռնի տեղահանվածներին՝ միաժամանակ 2 ամսով հետաձգելով կարիքավորության հիմքով լրացուցիչ սոցիալական աջակցության տրամադրման ծրագրի գործողությունը
Միջոցառման շրջանակում, 2025 թվականի ապրիլի 1-ից, շահառուներ են համարվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, ովքեր ունեն I կամ II խմբի հաշմանդամություն, ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում, 63 տարեկան և բարձր անձինք, կերակրողի կորստի դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող անձինք, հանրակրթական ուսումնական հաստատություններում, նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության հաստատություններում սովորող և 18 տարեկանը լրացած անձինք, ինչպես նաև 18 տարեկանից փոքր երեխաները։