Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Կառավարությունը հաստատել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի փաթեթը

14.11.2025, 14:37
3-րդ կարգի հաշմանդամության ունեցող քաղաքացիներին կտրվի ամենամեծ փաթեթը՝ առնվազն 2 տարի ժամկետով
Կառավարությունը հաստատել է  «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի փաթեթը
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունը գրավոր քվեարկությամբ հաստատել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի փաթեթը։ 

«Մենք երեկ գրավոր քվեարկությամբ հաստատեցինք ամբողջական օրենսդրական փաթեթը, որի մեջ ներառված է եղել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը և հարակից օրենքների նախագծերը», – այսօր կառավարության նիստի ժամանակ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 

Ավանեսյանը նշեց՝ երկու խումբ քաղաքացիներ կան: Այն քաղաքացիները, որոնց համար ապահովագրավճարը վճարելու է պետությունը, և նրանք են մինչև 18 տարեկանները, 65+ տարեկանները և 18-65 տարեկան հաշմանդամության կարգ և սոցանապահովություն ունեցող քաղաքացիները: 

«Նրանց համար պետությունը հունվարից արդեն կիրականացնի ապահովագրավճարը: Մենք ռեգիստրում ներառված բոլոր ճշտումներն անելով, ֆիքսելով մեր շահառուին, կտեղեկացնենք նրան անհատապես, անվանապես. մարդն իր էլեկտրոնային հավելվածում կտեսնի, որ շահառու է ընդգրկվել»,- ասաց նախարարը: 

Ավանեսյանը հայտնեց, որ «Արմեդ» էլեկտրոնային հավելվածում ներկայումս գրանցված է արդեն մոտ 700,000 շահառու։ 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն էլ նշեց, որ 3-րդ կարգի հաշմանդամության ունեցող քաղաքացիներին կտրվի ամենամեծ փաթեթը՝ առնվազն 2 տարի ժամկետով։ 

Նախագիծը Ազգային ժողովում քննարկվելու և ընդունվելու դեպքում կգործի 2026 թվականի հունվարի 1-ից:    

ՀՀ-ում պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի մասին 

2026 թվականին՝ համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգին անցնելու առաջին փուլում (2026-2028), ապահովագրված կլինի 1.7 միլիոն ՀՀ բնակիչ։ Նրանց թվում են 18 տարեկանից փոքր և 65 տարեկանից բարձր անձինք, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք և սոցիալական նպաստներ ստացողները։ Այս անձանց համար պետությունը կծածկի ծախսերի 100%-ը։ Այս համակարգը կներառի նաև 190,000 աշխատող քաղաքացու, որոնց ամսական եկամուտը գերազանցում է 200,000 դրամը։ Առողջության ապահովագրության փաթեթի արժեքը կկազմի տարեկան 129,600 դրամ, որը կվճարվի ամսական։ 

Ապահովագրությունը կծածկի ամենապահանջված ծառայությունները, այդ թվում՝ ամբուլատոր բուժօգնությունը, կլինիկա այցելությունները, ընտանեկան բժշկի այցելությունները, մասնագետների խորհրդատվությունները և տարեկան որոշակի քանակությամբ լաբորատոր հետազոտություններ։ Ծառայությունների ցանկը կընդլայնվի և կհստակեցվի՝ ներառելով որոշակի վիրաբուժական միջամտություններ, այդ թվում՝ ակնաբուժական (կատարկտ), սրտանոթային և այլն։ 

2026 թվականի բյուջեով առողջության ապահովագրության համակարգի ներդրման համար հատկացված է 127 միլիարդ դրամ։