Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Կառավարությունում քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության նախագիծը

18.04.2020, 18:45
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության նախագիծը
Կառավարությունում քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ Շաբաթ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության նախագիծը: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Վարչապետին մանրամասն ներկայացվել են բարեփոխումների շրջանակում 2020-2022 թվականներին նախատեսվող գործողությունները: Բարեփոխումների առանցքում են լինելու Ներքին գործերի նախարարության ու պարեկային ծառայության ստեղծումը: 

Ինչպես հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը, ռազմավարությամբ առաջարկվում է բարեփոխումների հետևյալ առաջնահերթ ուղղությունները. ոստիկանության համակարգում կառուցվածքային փոփոխություններ և գործառույթների հստակեցում, պարեկային ծառայություն և օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծում, նախաքննության արդյունավետության բարձրացում, հասարակական կարգի պահպանություն, համայնքային ոստիկանության վերաիմաստավորում, ոստիկանությունում ծառայության գրավչություն, կադրերի պատրաստում և մասնագիտական զարգացում, մարդու իրավունքների պաշտպանության բարելավում, թափանցիկության և հանրային հաշվետվողականության ապահովում: 

Ըստ այդմ, անդրադարձ է կատարվել վերը նշված առաջնահերթությունների իրականացման ուղղությամբ նախատեվսող աշխատանքներին ու միջոցառումներին, գործողությունների հերթականությանը: 

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ոստիկանության համակարգում բարեփոխումների իրականացումն ու ոստիկանության ծառայողի նոր կերպարի ձևավորումը: 

«Ոստիկանությունում ծառայությունը պետք է դարձնել գրավիչ և համակարգն ապահովել բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող կադրերով»,- ասել է կառավարության ղեկավարը՝ ընդգծելով նաև սոցիալական երաշխիքների ապահովման անհրաժեշտությունը: 

Անդրադառնալով ճանապարհային երթևեկության հսկողությանը՝ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ քաղաքականությունը պետք է լինի ոչ թե քաղաքացիներին տուգանելը՝ այլ կանոնների խախտման կանխարգելման ուղղությամբ միջոցառումների իրականացումը: 

«Մեր այս ծրագիրը մեծ կարևորություն ունի, և ես ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում, որ այն իրականացնենք նախանշված ժամկետներում»,- նշել է վարչապետը և պատասխանատուներին տվել ռազամավարությունն իրականացնելու հետ կապված կոնկրետ հանձնարարականներ:

Ռազմավարությամբ նախատեսվում է, որ պարեկային ծառայությունն սկսելու է գործել արդեն 2021 թվականի առաջին եռամսյակում: 

2020 թվականի փետրվարին հրապարակված ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և 2020-2022 թվականների գործողությունների ծրագիր նպատակը ժամանակակից մարտահրավերները դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած, բարեվարք և հարգանքի արժանի ոստիկանության վերափոխումն ու ժողովրդավարական իրավակարգին բնորոշ նոր ոստիկանի կերպարի ստեղծումն է։-0-