ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է դպրոցներում ուսուցիչների աշխատանքի կանոնները
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի./ԱՌԿԱ/. Նախքան դպրոցների գործունեության մեկնարկը դպրոցի անձնակազմը (մանկավարժական և վարչական) կթեստավորվի՝ ՀՀ Առողջապահության նախարարության կողմից կազմված ժամանակացույցի և սկզբունքների համաձայն: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Ուսումնական տարվա ընթացքում համաճարակաբանական ցուցման դեպքում դպրոցի անձնակազմի անդամները կթեստավորվեն ըստ ՀՀ Առողջապահության նախարարության կողմից մշակված մոտեցման»,- նշել է նա:
Անդրեասյանը հայտնել է նաև, որ մանրամասները կհրապարակվեն առաջիկայում։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նույնպես հայտնել է, որ պետությունը հոգալու է նաև ռիսկի խմբում գտնվող ուսուցիչների առողջության պահպանման համար։ Մասնավորապես.
-
Կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի (ներառյալ` 65 և բարձր տարիքի ուսուցիչներն` անկախ առողջական վիճակից) կարող են ընտրել աշխատանքի ներկայանալ հատուկ պաշտպանիչ միջոցների կիրառությամբ, որոնք տրամադրվում են ՀՀ ԿԳՄՍՆ կողմից; աշխատանքն իրականացնել հեռավար եղանակով, եթե առկա են դրա համար անհրաժեշտ պայմանները; չներկայանալ աշխատանքի:
-
Նախորդ կետի իմաստով աշխատանքի չներկայանալու դեպքում ուսուցիչների համար դասաբաշխում չի կատարվում: Նրանց աշխատավարձը հաշվարկվում է նախորդ ուսումնական տարվա դասաբաշխմանը համապատասխան, բայց ոչ ավել քան մեկ հաստիքի չափով, այդ թվում՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները:
-
Ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում աշխատավարձի հաշվարկն իրականացվում է դպրոցի որոշմամբ` աշխատանքային օրենսգրքին համաձայն:
-
Դպրոցը կարող է ներգրավել փոխարինող ուսուցիչների այս հիմքով առաջացած թափուր ժամերի մասով։
Դպրոցներում առկա ուսուսման կազմակերպման մասին
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույց:
Հայաստանում առաջին դասարանցիները դպրոց կգնան սեպտեմբերի 14-ին մեկ մարդու ուղեկցությամբ, իսկ ուսումնական տարին մնացած կրթական հաստատություններում կսկսվի սեպտեմբերի 15-ին:
Աշակերտները դասերին պետք է պարտադիր դիմակ կրեն:
Նշվում է, որ դպրոցներում արգելվում է զանգվածային միջոցառումների (առավոտյան, մանկական միջոցառումներ, ֆիլմերի դիտումներ, սպորտային միջոցառումներ, զվարճանքներ, բեմականացումներ և այլն): Նույնպես դադարեցվում են երկարօրյա ծառայությունները, ինչպես նաև՝ դպրոցի կողմից կազմակերպվող արտաուսումնական խմբակների գործունեությունը:
Հեռավար ուսուցումն արտակարգ դրության ժամանակ
Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված 2020թ.-ի մարտի 13-ից դպրոցականանները փաստացիորեն չեն այցելել դպրոց, իսկ մարտի 16-ից իշխանությունները երկրում սահմանեցին արտակարգ դրություն: Որոշ ժամանակ անց ԿԳՄՍ նախարարության ջանքերով կազմակերպվում է հեռավար ուսուցման ձևաչափ տարբեր առցանց հարթակների միջոցով: Սակայն դպրոցականների մոտ 20 տոկոսին չի հաջողվում ներգրավվել հեռավար ուսուցման համակարգի մեջ, մասնավորապես, տեխնիկական պատճառներով (հավելվածների բացակայություն, ինտերնետի խափանում և այլն):-0-