Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

«Լեզվի մասին» օրենքի խախտումների տուգանքները 2012 թվականին կազմել են մոտ 6 մլն դրամ. Լեզվի պետական տեսչություն

21.02.2013, 14:16
«Լեզվի մասին» օրենքը նախորդ տարվա ընթացքում խախտած հայ տնտեսվարող սուբյեկտները տուգանվել են մոտ 6 մլն դրամով (14,7 հազար դոլար), հինգշաբթի հայտնեց Հայաստանի կրթության և գիտության նախարարությանն առընթեր Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը։
«Լեզվի մասին» օրենքի խախտումների տուգանքները 2012 թվականին կազմել են մոտ 6 մլն դրամ. Լեզվի պետական տեսչություն
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Լեզվի մասին» օրենքը նախորդ տարվա ընթացքում խախտած հայ տնտեսվարող սուբյեկտները տուգանվել են մոտ 6 մլն դրամով (14,7 հազար դոլար), հինգշաբթի հայտնեց Հայաստանի կրթության և գիտության նախարարությանն առընթեր Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը։

«2012 թվականին Տեսչությունը շուրջ 75 վարչական վարույթ է իրականացրել տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ։ Խախտումների փաստերով կազմվել են արձանագրություններ և ուղղվել դատարան` խախտումների նկատմամբ պատասխանատվության չափը սահմանելու համար»,– ասաց նա Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

Երիցյանի խոսքով` դեպքերի կեսն ավարտվել է Տեսչության օգտին դատական որոշմամբ, և տնտեսվարող սուբյեկտների տուգանքների ընդհանուր գումարը կազմել է մոտ վեց միլիոն դրամ։ Նա նշեց նաև, որ որոշ գործեր դեռ դիտարկվում են դատարանում։

Երիցյանը միաժամանակ նշեց, որ երկրում վերջին երկու տարիներին «Լեզվի մասին» օրենքի խախտումների թվի կրճատում է նկատվում, իսկ հիմնական խախտումները կապված են միայն օտար լեզվով գովազդային ցուցանակների ձևավորման հետ։

«Եթե երկու տարի առաջ ես համոզված էի, որ չի բավարարի նույնիսկ տասը տարի խախտումները կիսով չափ նվազեցնելու համար, ապա այսօր` երկու տարի անց, կարող եմ ասել, որ ԶԼՄ–ների աշխատանքի ու հասարակական շարժման շնորհիվ, մեր աշխատանքի արդյունավետությունն ավելացել է 50 տոկոսով»,– ասաց Տեսչության ղեկավարը։

Հեռուստաեթերում և ռադիոեթերում խախտումների վերաբերյալ Երիցյանը նշեց, որ վերջին երկու տարիներին հաղորդումների որակը բանավոր խոսքի տեսակետից զգալիորեն բարելավվել է։

«Ինչ վերաբերում է ինտերնետ պարբերականներին, ապա կարող եմ ասել, որ տեղեկության փոխանցման բարձր արագության պատճառով տեքստում տեղ են գտնում ուղղագրական և ոճական սխալներ, որոնք ավելի ուշ խմբագրվում են»,– ասաց նա` կոչ անելով հանրապետության քաղաքացիներին հոգատար լինել մայրենի լեզվի նկատմամբ, պաշտպանել և չաղավաղել այն։ Մայրենի լեզվի միջազգային օրը (International Mother Language Day), որը հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի Գերագույն համաժողովի կողմից 1999 թվականին, նշվում է յուրաքանչյուր տարի 2000 թվականի փետրվարից` լեզվական և մշակութային և լեզվական բազմազանությանն օժանդակելու նպատակով։

2005 թվականին Հայաստանի Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի մշտական հանձնաժողովը ներկայիս Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ լրացումներ է կատարել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում, որոնց համաձայն, փետրվարի 21–ը պետական օրացույցում հաստատվել է որպես Մայրենի լեզվի օր։ -0-