Մարտական ակտիվ գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են. ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Մարտական ակտիվ գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են: Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Ժամը 06:00-ից սկսած պահպանվում է հարաբերական անդորր: Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը շարունակում է տեղակայվել Արցախում»,- նշել է նա:-0-
Փաշինյանի հայտարարության մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել: Նա նշել է, որ հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ իր և մեր ժողովրդի համար: Փաշինյանը նշել է, որ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում:
Իրադարձությունների նման զարգացումից դժգոհ քաղաքացիները գնացել են առաջինը կառավարության շենք, որտեղ ջարդելով պատուհաններն ու դռները, մտել են ներս ու ջարդել կահույքը: Ավելի ուշ ամբոխը մտել է ԱԺ շենքի նստերի դահլիճ՝ պահանջելով չեղյալ հայտարարել տվյալ հայտարարությունը:
Եռակողմ հայտարարության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքով, տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ:
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը ենթադրում է նաև փախստականների վերադարձ տարածաշրջան:
Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածք` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո:
Պետք է տեղի ունենա «ռազմագերիների, այլ կալանավորվածների և մահացածների մարմինների փոխանակում»:
Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաարգելափակվում են: Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ հսկողությունն իրականացվում է Ռուսաստանի դաշնային ծառայության [ԱԴԾ] մարմինների օժանդակությամբ:
Ռուսաստանի ղեկավարն ակնկալում է, որ «ձեռք բերված պայմանավորվածությունները անհրաժեշտ պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամի երկարաժամկետ և ամբողջական ձևաչափով կարգավորման համար արդար հիմքի վրա և հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերի համար»:-0-