Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Մինչև 20% հետվճար՝ անկանխիկ գործարքների դեպքում. ինչ փոխվում երեխայի նպաստների տրամադրման գործընթացում 2026թ.-ի հունվարի 1-ից

Այսօր, 15:44
Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար տրամադրվող 50 000 դրամից անկանխիկ գործարքների դեպքում ընտանիքը կարող է ստանալ մինչև 20 տոկոս հետվճար՝ նպաստի չափը դարձնելով 60 000 դրամ
Մինչև 20% հետվճար՝ անկանխիկ գործարքների դեպքում. ինչ փոխվում  երեխայի նպաստների տրամադրման գործընթացում 2026թ.-ի հունվարի 1-ից

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբեր․/ԱՌԿԱ/. Կառավարության կողմից հավանության արժանացած նախագծով մի շարք փոփոխություններ են կատարվել պետական նպաստների մասին օրենքում, թերևս ամենաէականը 3–րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար տրվող նպաստի կատեգորիան է, որը ներառվեց «Պետական նպաստների մասին» օրենքում։

Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը։

«2021 թ.-ին ընդունված իրավական ակտով, 2022 թ.-ի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների ծննդյան կապակցությամբ ընտանիքներին տրամադրվում է 50 հազար դրամական աջակցություն, յուրաքանչյուր ամիս՝ մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը։ Այն ուժի մեջ է մտնելու 2026-ի հունվարի 1-ից», - ասաց Գալստյանը։

Նրա խոսքով՝ պայմանն այն է, որպեսզի նոր ծնված երեխայի կարգաթիվը լինի 3-րդ և հաջորդ, ինչպես նաև երեխայի ծնողները՝ առնվազն դիմող ծնողը լինի ՀՀ քաղաքացի։

Գալստյանը հայտնեց, որ սա դրամական աջակցություն է, որը փորձնական ծրագիր էր՝ սկսած 2022թ.-ից, իսկ 2025 թ.-ին նախարարության Ազգային ինստիտուտը ուսումնասիրություններ կատարեց, և պարզվեց, որ միջոցառումը դրական ազդեցություն ունի ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցում։

«Վերլուծությունը ցույց տվեց, որ այս միջոցառումը դրական ազդեցություն ունի ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար։ Ըստ այդմ, որոշվեց փոխել դրամական աջակցության կարգավիճակը և դարձնել մշտապես գործող պետական նպաստի առանձին տեսակ», - նշեց Գալստյանը։

Նրա խոսքով՝ օրենքի ընդունումից հետո երեխայի ծննդյան կապակցությամբ կտրամադրվի 4 նպաստ՝ նախկին 3 փոխարեն։ Առաջինը մայրության նպաստն է, որը տրվում է հղի կնոջը, երկրորդը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստը, երրորդը՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը, և չորրորդը` 3-րդ և յուրաքանչյուր երեխայի պետական նպաստը»,–նշեց Անահիտ Գալստյանը։

Վարչության պետը նշեց նաև, որ 50 հազար դրամական աջակցությունը պետական նպաստ դարձնելուն զուգահեռ վերանայվում է նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստը և նախատեսվում է համահարթեցնել ծննդյան միանվագ նպաստի չափը՝ դարձնելով այն 500 հազար դրամ՝ անկախ կարգաթվից։

«Նախատեսվում է 2026 թ.-ի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանել 500 000 դրամ՝ անկախ կարգաթվից։ Այսինքն՝ գործող կարգավորումներով առաջին և երկրորդ երեխաների համար տրամադրվում է 300 000-ական դրամ, 3-րդ և 4-րդ երեխայի դեպքում տրվում է 1 մլն դրամ, իսկ 5-րդ և հաջորդ երեխայի դեպքում տրվում է 1 500 000 դրամ»,-ասաց նա։

Անահիտ Գալստյանը նշեց նաև, որ 2026 թ.-ի հունվարի 1-ից ընտանիքները հնարավորություն ունեն անկանխիկ գործարքներ կատարելու միջոցով մինչև 20 % հետվճարի չափով ավելացնել իրենց կենսաթոշակի կամ նպաստի չափը։ Օրինակ՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար տրամադրվող 50 000 դրամից անկանխիկ գործարքների դեպքում ընտանիքը կարող է ստանալ մինչև 20 տոկոս հետվճար՝ նպաստի չափը դարձնելով 60 000 դրամ։