Պետք է գոնե 1 գործատուի մոտ մարդու աշխատավարձը 200 հազ դրամից ավելի լինի, որպեսզի 2026-ին ընդգրկվի առողջության ապահովագրության մեջ. Ավանեսյան
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Պետք է գոնե 1 գործատուի մոտ մարդու աշխատավարձը 200 000 դրամից ավելի լինի, որպեսզի 2026-ին ընդգրկվի առողջության ապահովագրության մեջ:
Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մենք նախնական նախագծում մտածում էինք ունենալ նման հնարավորություն, որ մի քանի տեղ աշխատելու պարագայում հանրագումարային աշխատավարձը դիտարկենք որպես շեմ, բայց ծրագրային առումով այս տարի չենք կարողանա նման ապահովում իրականացնել», - ասաց նախարարը:
Ավանեսյանի խոսքով`2027 թվականից արդեն բոլոր աշխատավարձ ստացողները կներառվեն նախագծում:
ՀՀ-ում առողջության պարտադիր ապահովագրության համակարգի մասին
2026 թվականին՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին անցնելու առաջին փուլում (2026-2028), ապահովագրված կլինի 1.7 միլիոն ՀՀ բնակիչ։ Նրանց թվում են 18 տարեկանից փոքր և 65 տարեկանից բարձր անձինք, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք և սոցիալական նպաստներ ստացողները։ Այս անձանց համար պետությունը կծածկի ծախսերի 100%-ը։ Այս համակարգը կներառի նաև 190,000 աշխատող քաղաքացու, որոնց ամսական եկամուտը գերազանցում է 200,000 դրամը։ Առողջության ապահովագրության փաթեթի արժեքը կկազմի տարեկան 129,600 դրամ, որը կվճարվի ամսական։
Ապահովագրությունը կծածկի ամենապահանջված ծառայությունները, այդ թվում՝ ամբուլատոր բուժօգնությունը, կլինիկա այցելությունները, ընտանեկան բժշկի այցելությունները, մասնագետների խորհրդատվությունները և տարեկան որոշակի քանակությամբ լաբորատոր հետազոտություններ։ Ծառայությունների ցանկը կընդլայնվի և կհստակեցվի՝ ներառելով որոշակի վիրաբուժական միջամտություններ, այդ թվում՝ ակնաբուժական (կատարկտ), սրտանոթային և այլն։
2026 թվականի բյուջեով առողջության ապահովագրության համակարգի ներդրման համար հատկացված է 127 միլիարդ դրամ։