Սպառողների իրավունքները կպաշտպանվեն ԵՄ չափանիշներով. ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել օրենսդրական նոր փաթեթին
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում դրական եզրակացություն է տվել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթին:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ սպառողների իրավունքների պաշտպանության և գովազդի ոլորտներում Հայաստանն ունենալու է Եվրոպական միությանը համապատասխանող պաշտպանվածության մակարդակ:
«Եթե մենք ուզում ենք լինի այնպես, ինչպես ԵՄ երկրներում է, դրա համար պետք է մեզանից յուրաքանչյուրը փոխվի, այդ թվում նաև՝ տնտեսվարողները», - ասել է Պապոյանը:
Նախարարի խոսքով՝ նախագծերի նպատակն ազգային օրենսդրության մոտարկումն է Եվրամիության օրենսդրությանը:
Պապոյանը տեղեկացրել է, որ ներկայացված փաթեթով նախատեսվում է լուծել խնդիրներ, որոնք մասնավորապես վերաբերում են սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմաններին, հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի մասով սպառողների իրավունքների պաշտպանությանը, մոլորության մեջ գցող և համեմատություններ պարունակող գովազդներին, ապրանքների անհամապատասխանության դեպքում սպառողների իրավական պաշտպանության միջոցներին:
Նախարարն ընդգծել է, որ փաթեթի նպատակը սպառողների իրավունքների պաշտպանությունն է:
Օրենսդրական փաթեթը նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: