Թորոսյանը հայտնել է Հայաստանում կորոնավիրուսով վարակման կրկնակի դեպքերի մասին

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./ԱՌԿԱ/. Այսօր ընթանում է ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսով վարակման կրկնակի դեպքերը Հայաստանում և անդրադարձել այս առումով համաշխարհային փորձին:
«Դժբախտաբար նման դեպքեր գրանցվել են, այդ թվում, Հայաստանում»,- նշել է Թորոսյանը:
Նա մանրամասնել է, որ ակադեմիական մեծ դեբատ է ընթանում, և ամեն օր թարմ գիտական տեղեկություն է ստացվում, թե արդյոք դա կրկնակի վարակ է, այսինքն պացիենտը բուժվել է ամբողջությամբ ու նորից վարակվել, թե եղել է վիրուսի ապաակտիվացում օրգանիզմի մեջ և հետո նորից ակտիվացում: Նրա խոսքով, ամենահավանականը, որ կարծես թե, գիտական հանրությունը ընդունում է՝ դա վիրուսի ոչ ակտիվ մասնիկների առկայությունն է հյուսվածքներում, երբ վիրուսը չի բազմանում, բայց նրա ՌՆԹ-ն առկա է բջիջների մեջ և թեստավորելուց հետո հայտնաբերվում է:
«Ամեն դեպքում այդ դեպքերը թվով մի քանիսն են, այս պահին 3-ն են, եթե չեմ սխալվում: Նրանք որևէ գանգատ, սիմպտոմ չունեն, բայց նրանց մոտ դուրս գրումից հետո՝ երկու շաբաթից նորից վիրուս է հայտնաբերվել: Հիմա նրանց նորից իզոլացրել ենք, որ հավանական վարակը կանխարգելենք այլ անձանց»,- նշել է Թորոսյանը:
Նա ընդգծել է, որ նման դեպքեր հիմնականում արձանագրվել են Հարավային Կորեայում և Չինաստանում: Գիտնականները եկել են եզրակացության, որ դա ոչ թե կրկնակի վարակում է, այլ վիրուսի մասնիկների պահպանումը բերանի խոռոչի, կոկորդի հյուսվածքներում 2-3 ամսվա ընթացքում, որը պարզապես, ՊՇՌ-ով հայտնաբերվում է:
«Մենք պետք է նույնիսկ ապաքինման դեպքում պահպանենք անվտանգության կանոնները, որովհետև չգիտես, թե ինչ հայտնագործություն վաղը կլինի»,- նշել է Թորոսյանը:
Հայաստանում մայիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 2507 դեպք, որոնցից 1701-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 պացիենտ: Մահացել է, ցավոք, 39 մարդ: -0-Արսեն Թորոսյան, կորոնավիրուս, կրկնակի, ՀՀ