Թուրքահայ հայտնի լուսանկարչի մասին ֆիլմ կցուցադրվի Վաշինգտոնում
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Թուրքահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին պատմող վավերագրական ֆիլմ կցուցադրվի Վաշինգտոնի կինոփառատոնի շրջանակում, հայտնում են հայկական ԶԼՄ–ները։
Daily Sabah պարբերականի տվյալներով, «Ստամբուլի աչքը» վերնագրով ֆիլմը պատմում է լուսանկարչի կյանքի և գործունեության մասին։
Ֆիլմի հիմքում Գյուլերի նախապատրաստությունն է, լուսանկարչի աշխատանքների ընտրությունը և մտորումներն իր արխիվների ճակատագրի վերաբերյալ։
Արա Գյուլերը ծնվել է 1928 թվականին Ստամբուլում։ Լինելով Թուրքիայի ժամանակակից լուսանկարչության մեծագույն ներկայացուցիչ` նա բավականին հայտնի է իր երկրի սահմաններից դուրս։ Գյուլերը ֆոլոլրագրողի իր կարիերան սկսել է «Yeni Istanbul» թերթում 1950 թվականին։ 1956 թվականին նա դարձել է «Time-Life»–ի ֆոտոլրագրող, իսկ 1958 թվականին` «Paris Match»–ի և «Stern»–ի ֆոտոլրագրող։
Նույն տարիներին էլ նա դարձել է «Մագնում» լուսանկարչական գործակալության անդամ։ Լուսանկարչության բրիտանական ամսագրի 1961 թվականի տեղեկատուում Գյուլերի անունը նշված է աշխարհի յոթ լավագույն լուսանկարիչների շարքում։ 1962 թվականին նա արժանացել է «Leica» Վարպետ» մրցանակի։ Գյուլերը մասնակցել է հարյուրավոր ցուցահանդեսների ողջ աշխարհով։ Նա հարցազրույց է վերցրել և լուսանկարել բազմաթիվ հայտնի մարդկանց` Բերտրան Ռասելից և Ուինսթոն Չերչիլից մինչև Առնոլդ Թոյնբի, Պաբլո Պիկասո և Սալվադոր Դալի։ -0-