Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./ԱՌԿԱ/. Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին մրցաշարում նվաճեց հաղթողի կոչումը, հաղորդում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:
Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Բոլատ Թուրլըխանովի անվան գավաթի խաղարկության 97 կգ քաշային կարգում գյումրեցի ըմբիշը չորս հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 3։1 հաշվով ուժեղ է գտնվել ռուս Ալեքսանդր Գոլովինից:
Նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր են դարձել Ռուսաստանի ներկայացուցիչներ Դանիլա Սոտնիկովը և Նիկիտա Մելնիկովը:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ մրցաշարին մասնակցել են նաև Գևորգ Ղարիբյանը, Արմեն Մելիքյանը (60 կգ), Արթուր Շահինյանը, Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), որոնք մեդալ չեն նվաճել:
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում էր 2018-ի նոյեմբերին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած աշխարհի առաջնությունից հետո:–0–