Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 11, ուրբաթ
եղանակը
Երևանում
+33

Կառավարությունը շուրջ 750մլն դրամ կհատկացնի Երևանում նախատեսված Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման համար

15.04.2022, 15:58
Եվրոպայի առաջնության կազմակերպման և  անցկացման  նպատակով «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին կհատկացվի 750մլն 192 հազար դրամ գումար, որը հիմնականում կուղղվի մրցաշարի շրջանակներում բրենդավորմանն ու այլ անհրաժեշտ ծախսերի իրականացմանը
Կառավարությունը շուրջ 750մլն դրամ կհատկացնի Երևանում նախատեսված Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման համար

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./ԱՌԿԱ/. Կառավարությունը պահուստային ֆոնդից կհատկացնի 750մլն 192 հազար դրամ «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերությանը Հայաստանում նախատեսված բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և  անցկացման համար, որը կկազմակերպվի մայիսի 21–31–ը Երևանում։

Այսօր կայացած կառավարության նիստի ժաանակ նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Նախարաի խոսքով, բռնցքամարտի ռինգերի, տանձիկների և ձեռնոցների ձեռքբերման, տեղափոխման և մաքսազերծման, առաջնության հյուրընկալման անդամավճարի և հաշվողական համակարգի տեղափոխման ու սպասարկման համար 2022 թվականի փետրվարի 17-ին կառավարության համապատասխան որոշմամբ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային է հատկացվել 77 միլիոն 768 հազար դրամ։

Դումանյանը հայտնել է, որ նշված գույքը ձեռք է բերվել, և դրանց մի մասը արդեն գտնվում է Լարսի անցակետում։

«Ներկայացվող նախագծով առաջարկվում է Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և  անցկացման  նպատակով «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 750 միլիոն 192 հազար դրամ գումար, որը հիմնականում կուղղվի մրցաշարի շրջանակներում բրենդավորման և այլ անհրաժեշտ ծախսերի իրականացման, գովազդային և տպագրական և սոցիալական ցանցերում առաջխաղացման, բացման հանդիսավոր արարողության և մրցաշարի ընթացքում միջոցառումների կազմակերպման ծառայությունների ձեռքբերմանը»,- ասաց Դումանյանը։

Նախարարի խոսքով՝ առաջնության նախապատրաստման և անցկացման համար ժամանակի սղության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով տարվող աշխատանքների ծավալը, որոշում է կայացվել գումարը տրամադրել ուղիղ դրամաշնորհի տեսքով, որը հնարավորություն կտա ժամանակին և առանց խոչընդոտների կազմակերպել և իրականացնել միջոցառումը։

Նա նաև ավելացրել է, որ համադրելով գին-որակ-ներկայանալիություն-փորձ հարաբերակցությունը՝ միջոցառման իրականացնող է ընտրվել «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն։

«Առաջնության ընթացքում ակնկալվում է շուրջ 40 երկրներից 400 անձանց մասնակցություն՝ 280 մարզիկ և նրանց ուղեկցող անձնակազմ և պատվիրակներ։ Այդ առաջնությունն իր ծավալով ու նշանակությամբ աննախադեպ է Հայաստանի Հանրապետությունում երբևէ կազմակերպված սպորտային միջոցառումների շարքում։ Նույնիսկ խորհրդային տարիներին մեր երկրում նման մակարդակի սպորտային միջոցառում չի կազմակերպվել»,- ընդգծեց նախարարը։–0–