Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+9

Հայրապետյան. քանի դեռ ես ֆեդերացիայի նախագահն եմ, Մովսիսյանն, Արզումանյանն ու Կասպարովը ոտք չեն դնելու հավաքական

23.03.2016, 12:31
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ ազգային հավաքականի որոշ առաջատար խաղացողներ այլևս չեն լինելու գլխավոր թիմում։
Հայրապետյան. քանի դեռ ես ֆեդերացիայի նախագահն եմ, Մովսիսյանն, Արզումանյանն ու Կասպարովը ոտք չեն դնելու հավաքական

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ ազգային հավաքականի որոշ առաջատար խաղացողներ այլևս չեն լինելու գլխավոր թիմում, հաղորդում է armsport.am–ը։

Հայրապետյանը նշել է, որ Յուրա Մովսիսյանին, Ռոբերտ Արզումանյանին ու Գևորգ Կասպարովին հավաքական չհրավիրելն իր պահանջն է. նրանք այլևս չեն լինելու գլխավոր թիմում:

«Նշված ֆուտբոլիստների վերջին 2 տարիների ելույթները հավաքականում ձեր աչքի առջև են եղել: Թող մեկն ինձ ասի, որ Մովսիսյանը և Արզումանյանը նվիրված պայքարել ու խաղացել են: Այո, նրանք ունեն ֆուտբոլային բարձր որակներ, բայց դա չի նշանակում, որ հավաքականը նրանց համար զբոսանքի կամ զվարճանքների վայր է, որ գան ու զվարճանան», – ասել է Հայրապետյանը «Ֆուտբոլ +» շաբաթաթերթին տված հարցազրույցում։

ՀՖՖ նախագահ. ալբանացիների հետ խաղում դավաճանություն է տեղի ունեցել>>

Նա ավելացրել է, որ դավաճանությունը միայն խաղը վաճառելը չէ։ «Լավ, եթե Յուրա Մովսիսյանի հարցում մենք ենք մեղավոր, բա Մոսկվայի «Սպարտակից» նրան ինչո՞ւ հեռացրին: Բոլորդ տեսել եք, նա ֆուտբո՞լ է խաղացել վերջին 2 տարում, իհարկե ոչ», – նշել է ՀՖՖ նախագահը։

Նրա խոսքով` Ռոբերտ Արզումանյանի հարցազրույցներն ու հայտարարությունները տալիս են ամեն ինչի պատասխանը։

«Նա այդ քայլով ինքն իրեն մատնեց: Դրա համար ես չեմ ուզում անդրադառնալ այդ մարդկանց և ցանկանում եմ հայտարարել, որ քանի դեռ ես ֆեդերացիայի նախագահն եմ, նրանք ոտք չեն դնելու հավաքական», – ասել է Հայրապետյանը։

ՀՖՖ–ն արձագանքեց հավաքականի կազմում այլևս հանդես չգալու մասին Արզումանյանի հայտարարությանը>>

«Ինձ մեղադրում են, որ խառնվում եմ ընտրանու ներքին գործերին: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը համար մեկ պատասխանատու է և պարտավոր է միջամտել հավաքականի գործերին: Եթե ես չմիջամտեմ, ո՞վ պետք է միջամտի: Այլ բան է, որ հավաքականի գործերին չպետք է միջամտեն կողմնակի մարդիկ», – շեշտադրել է Ռուբեն Հայրապետյանը։

ՀՖՖ-ի ղեկավարը նաև խոսել է պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի` հավաքական չհրավիրվելու մասին։

«Գևորգ Ղազարյանը չի մտնում այդ ֆուտբոլիստների մեջ (որոնք չեն հրավիրվելու.խմբ.) և նրան պետք է տարանջատել նշված 3-ից: Նա հավաքական չի հրավիրվել ոչ թե այն պատճառով, որ ես չեմ ուզում, այլ նոր գլխավոր մարզչի որոշմամբ», – ասել է Հայրապետյանը։ –0–