Հենրիխ Մխիթարյանը 8-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2017թ. քվեարկության արդյունքները:
Ինչպես հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Հայաստանի 2017 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Նա 8-րդ անգամ իր կարիերայի ընթացքում և 7-րդ անգամ անընդմեջ դարձել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Հավաքելով 190 միավոր` Մխիթարյանը առաջ է անցել Հայաստանի ազգային հավաքականի և մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանից (35 միավորով) ու Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ուրալ» թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանից (25 միավորով):
«Հպարտ եմ, որ 8-րդ անգամ արժանանում են Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Շնորհակալ եմ բոլորին այս բարձր պատվի համար: Առիթից օգտվելով ցանկանում են շնորհավորել ամբողջ հայ ժողովրդին առաջիկա Ամանորի ու Սուրբ Ծննդյան օրվա կապակցությամբ: Թող 2018 թվականը մեր երկրի և ժողովրդի համար դառնա խաղաղության, բարեկեցության տարի: Հուսով եմ, որ 2018 թվականը նաև բեկումնային է լինելու մեր ֆուտբոլի համար և Հայաստանի ազգային հավաքականի հետ նոր նվաճումներ ենք արձանագրելու», - նշել է Մխիթարյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ զրույցում: -0-