Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալներ են նվաճել Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը և Արթուր Թովմասյանը ոսկե մեդալներ են նվաճել Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում` առանձին գործիքների վրա:
Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը, հղում անելով Ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությանը, Մոսկվայի «Օլիմպիական ավանում» դեկտեմբերի 14-16-ը կայացել է Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, մարմնամարզիկ Միխայիլ Վորոնինի գավաթի միջազգային 22-րդ խաղարկությունը, որին մասնակցում էին 30 երկրի 140 մարզիկ:
«Արթուր Թովմասյանը լավագույնն էր օղակների վարժությունում», – նշվում է հաղորդագրության մեջ։
Արթուր Դավթյանը, ով նախօրեին ոսկե մեդալ էր նվաճել բազմամարտում, առաջինն է եղել նաև հենացատկում: Օղակների վարժությունում Դավթյանն երրորդն էր, նժույգթափերում` երկրորդը։–0–