ՀՖՖ–ն հերքել է Նազարյանին` Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար նշանակելու մասին տեղեկությունը
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է ՈւԵՖԱ–ի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվությունն այն մասին, որ Ռաֆայել Նազարյանը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել։
«ՈւԵՖԱ–ի պաշտոնական կայքում Ռաֆայել Նազարյանի նշանակման մասին տեղեկատվությունը հայտնվել է հեղինակային նյութի թարգմանության մեջ սխալի հետևանքով», – հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այս լուրի մասին տեղեկատվությունը հանվել է ՈւԵՖԱ–ի պաշտոնական կայքից։
Երկուշաբթի Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարել էր գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։ Նախօրեին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները նամակ են հղել Մինասյանին` խնդրելով վերանայել մարզչի պաշտոնից հեռանալու մասին որոշումը։
Ռաֆայել Նազարյանին, ով ավելի վաղ զբաղեցնում էր Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, երեքշաբթի փոխարինել է Երևանի «Արարատ» ակումբի մարզիչ Աբրահամ Խաշմանյանը։
Նազարյանը վերջերս սուր քննադատություն է ենթարկվում երկրպագուների և մասնագետների կողմից երիտասարդական հավաքականի անհաջող հանդիպումների կապակցությամբ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:18 23.10.2013