Բրազիլիայում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության օրհներգը հիթ է դարձել. դիտումների քանակը գերազանցել է 12 միլիոնը
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության օրհներգի տեսահոլովակը համացանցում տեղադրվել է մայիսի 16–ին և արդեն հիթ է դարձել. Youtube–ում դիտումների քանակը գերազանցել է 12 միլիոնը։
Առաջնության «We are the one (Ola Ola)» («Մենք միասնական ենք») պաշտոնական օրհներգը կատարում են ռեփեր Փիթբուլը, փոփ–աստղ Ջենիֆեր Լոպեսը և բրազիլացի երգչուհի Կլաուդիա Լեյտեն։ Միայն մեկ օրում հոլովակը համացանցում դիտվել է ավելի քան 2.5 միլիոն անգամ։
Աշխարհի առաջնության պաշտոնական երգը կհնչի բացման արարողությանը, որը կկայանա հունիսի 12–ին Սան Պաուլուի «Արենա» մարզադաշտում։ Արարողության ավարտից հետո կկայանա Բրազիլիա–Խորվաթիա խաղը։
Երգը (առանց հոլովակի) համացանցում տեղադրվել էր դեռևս ապրիլի 7–ին և այսօրվա դրությամբ դիտվել է ավելի քան 18 միլիոն անգամ։
Սկզբում երգի համար տեսապատկեր էր հանդիսացել "One love, one rhythm" (Մեկ սեր, մեկ ռիթմ) ալբոմի կազմը, իսկ ալբոմում ընդգրկվել են աշխարհի առաջնության բոլոր պաշտոնական օրհներգերը։ Սակայն տեսահոլովակում կարելի է տեսնել վերջին տարիներին կայացած աշխարհի առաջնությունների ամենահետաքրքիր պահերի դրվագները։
We Are One երգն ընդգրկվել է ԱԱ-2014 երգերի ալբոմում։ Բացի այդ երգից, ալբոմում են նաև Կարլոս Սանտանայի, Ուայկլիֆ Ջինի, Ռիկի Մարտինի և Շակիրայի երգերը։ Ալբոմը կոչվում է One Love, One Rhythm։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:48 19.05.2014