Խորեն Հովհաննիսյանը հայկական ֆուտբոլային դպրոցի ամենավառ ներկայացուցիչներից է. Բուրյակ
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Խորեն Հովհաննիսյանը հայկական ֆուտբոլային դպրոցի ամենավառ ներկայացուցիչներից մեկն է, ուրբաթ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց խորհրդային ֆուտբոլիստ, Ուկրաինայի վաստակավոր մարզիչ Լեոնիդ Բուրյակը։ Նա Երևան է ժամանել Հովհաննիսյանի 60–ամյակին նվիրված հոբելյանական հանդիպմանը մասնակցելու համար։
Աշխարհի և ԽՍՀՄ–ի հավաքականների վետերան աստղերի միջև ընկերական հանդիպումը տեղի կունենա Երևանի Հանրապետական մարզադաշտում մարտի 28–ին։ Այն նվիրված է հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի 60–ամյակին։
«Այն ժամանակ շատ էին հիանալի հայ ֆուտբոլիստները, սակայն Խորենը միշտ առաջնային դիրքում է եղել։ Ազգային հավաքականի բոլոր մարզիչների օրոք նա միշտ գտնում էր իր տեղը դաշտում։ Ինձ համար դժվար է համեմատել ներկա ֆուտբոլիստների հետ, սակայն հիմա Խորենը կլիներ իսկական աստղ։ Մարդը կարողանում էր գրոհել, պաշտպանվել։ Շատ լավ ռմբարկու էր», – ասաց Բուրյակը։
Բուրյակը շեշտեց, որ ֆուտբոլիստները եկել են Հայաստան` կիսելու այս ուրախությունը, տեսնելու նրան, մասնակցելու նրա տոնին, քանի որ նա դրան արժանի է։
Հայտնի խորհրդային և ուկրաինացի հարձակվող, 1986 թ.–ին Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Իգոր Բելանովն իր հերթին նշեց, որ հրավեր ստանալուց հետո ենթարկվել է ծանր վրաերթի, սակայն չնայած դրան, եկել է այս հանդիպմանը։
«Ողնաշարումս ճաք հայտնվեց, սակայն բախտս բերեց։ Չգիտեի` կկարողանա՞մ գալ, թե ոչ, սակայն Խորենին չափազանց շատ եմ հարգում մի պարզ պատճառով` նա միշտ տեսնում էր դաշտը, իսկ հարձակվողի համար դա չափազանց կարևոր է։ Երբ ընդունում էր գնդակը ձախ ոտքով, գլուխը չէր իջեցնում, նա ամեն ինչ տեսնում էր, նրա հետ չափազանց հեշտ էր խաղալ», – ասաց Բելանովը։
Խորեն Հովհաննիսյանը հայկական ֆուտբոլի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից է։ Խաղացել է Երևանի «Արարատում» 1975-1985 թվականներին։ Աչքի է ընկել որպես խաղի հիանալի կազմակերպիչ, ով ունի զարմանալի տեխնիկա և առաջնորդի որակներ։ Գ. Ֆեդոտովի ակումբի անդամ է։ 35 խաղ է անցկացրել ԽՍՀՄ հավաքականում, 7 գնդակ է խփել։ 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր է։ 1976 թվականի Եվրոպայի երիտասարդական թիմերի չեմպիոն։ 1975 թվականի ԽՍՀՄ գավաթակիր, 1976 թվականի ԽՍՀՄ գարնանային առաջնության արծաթե մրցանակակիր։ 1982 թվականին մասնակցել է Իսպանիայի աշխարհի առաջնությանը` դառնալով Բելգիայի դարպաս ուղարկած գեղեցիկ գոլի հեղինակ։ -0-Ա.Թ.
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
21:10 27.03.2015