Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Մխիթարյանը ներողություն է խնդրել թիմակիցներից և երկրպագուներից Հայաստան–Չեխիա խաղից հետո արած արտահայտությունների համար

05.06.2013, 16:57
Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներողություն է խնդրել հավաքականի իր ընկերներից և երկրպագուներից հավաքականի որոշ խաղացողների հասցեին արած արտահայտությունների համար։
Մխիթարյանը ներողություն է խնդրել թիմակիցներից և երկրպագուներից Հայաստան–Չեխիա խաղից հետո արած արտահայտությունների համար
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներողություն է խնդրել հավաքականի իր ընկերներից և երկրպագուներից հավաքականի որոշ խաղացողների հասցեին արած արտահայտությունների համար։

Մխիթարյանն աշխարհի առաջնության ընտրական փուլում Չեխիայի հետ` չեխերի խոշոր հաղթանակով ավարտված խաղից հետո քննադատել է հավաքականի իր թիմակիցներին։

«Ես տաքարյուն, զգացմունքային մարդ եմ: Իմ խաղընկերները գիտեն: Ես, օգտվելով առիթից, ուզում եմ ներողություն խնդրել թե իմ բոլոր խաղընկերներից, թե մեր ֆուտբոլի բոլոր երկրպագուներից: Դրանք զգացմունքային արտահայտություններ էին, որ լարվածությամբ էին թելադրված»,– ասել է Մխիթարյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։

Ըստ նրա, հավաքականում միշտ լավ մթնոլորտ է տիրում և ընկերական հիանալի հարաբերություններ են։

«Իհարկե, կան մարդիկ, ովքեր շատ կցանկանան, որ հավաքականում անառողջ մթնոլորտ լինի, բայց ես պետք է այդ տեսակ մարդկանց տխրեցնեմ: Մեր ազգային հավաքականը մի ընտանիք է: Լավ ընտանիք: Մենք բոլորս մի նպատակի համար ենք հավաքվում միշտ՝ հաղթելու եւ այս անգամ էլ ամեն ինչ անելու ենք, որ հաղթենք եւ ուրախություն պարգեւենք մեր երկրպագուներին»,– ավելացրեց Մխիթարյանը։

Հայաստանի հավաքականը սեփական դաշտում խաղ կանցկացնի մալթացիների հետ հունիսի 7–ին, և արտագնա խաղ դանիացիների հետ` հունիսի 11–ին։

Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանը նույն խմբում է իտալացիների, բուլղարացիների, չեխերի, դանիացիների և մալթացիների հետ։ Առայժմ առաջատար է Իտալիայի հավաքականը` տասներեք միավոր հինգ խաղում, հետո բուլղարացիներն են` տասը միավոր վեց խաղերում, չեխերը` ութ միավոր հինգ խաղերում, դանիացիները` վեց միավոր հինգ հանդիպման արդյունքում։ Հայաստանի հավաքականը զբաղեցնում է նախավերջին տեղը` հավաքելով երեք միավոր չորս խաղում։ Մալթայի հավաքականը հինգ խաղի արդյունքում զրոյական արդյունք ունի։ -0-