Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Վաղարշապատում կկառուցվի սպորտային նոր համալիր. նախագծի արժեքը կկազմի ավելի քան 7 մլրդ դրամ

19.09.2025, 10:28
Հինգշաբթի  ՀՀ կառավարությունը քննարկել է Վաղարշապատում ֆուտբոլի ակադեմիա կառուցելու ներդրումային նախագիծը
Վաղարշապատում կկառուցվի սպորտային նոր համալիր. նախագծի արժեքը կկազմի ավելի քան 7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. Հինգշաբթի ՀՀ կառավարությունը քննարկել է Վաղարշապատում ֆուտբոլի ակադեմիա կառուցելու ներդրումային նախագիծը։

Կառավարությունը հավանություն է տվել «Իմեջին Երևան» ընկերության կողմից ներկայացված՝ Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագրին։

«Որոշումը պայմանավորված է «Իմեջին Երևան» ընկերության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 23.84051 հա ընդհանուր մակերես ունեցող համայնքային սեփականության հողամասի և ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 5.5601 հա մակերես ունեցող հողամասի տարածքում Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման նպատակով ներդրումային ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ»,-նշվում է կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմքի վրա ստեղծել ամբողջովին նոր ենթակառուցվածքներով և մարզական գույքով հագեցած, ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր, որն իր մեջ կներառի՝ ժամանակակից ֆուտբոլային մարզադաշտ, սպորտային բազա և ֆուտբոլային ակադեմիա։

«Նախագծով նախատեսվում է հաստատել «Նոա» ֆուտբոլային ակումբը ներկայացնող «Իմեջին Երևան» ընկերության կողմից ներկայացված Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման՝ ավելի քան 7 մլրդ դրամ արժեքով ներդրումային ծրագիրը: Դրա շրջանակում նախատեսվում է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում արդեն իսկ ընկերության սեփականությունը հանդիսացող 5.5 հեկտար մակերես զբաղեցնող հողամասում, ինչպես նաև համայնքին պատկանող և այս որոշմամբ ուղղակի վաճառքով օտարվող 23.8 հեկտար մակերեսով հողամասում զարգացնել նոր ենթակառուցվածքներ։ Ընկերության սեփականությունը հանդիսացող հողամասը նախկինում եղել է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիան»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով, նախատեսվում է ունենալ նոր ենթակառուցվածքներով ու մարզական գույքով հագեցած, ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր, որտեղ կգործեն ֆուտբոլային մարզադաշտ, սպորտային բազա և ֆուտբոլային ակադեմիա։

Ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել երկու փուլով՝ մինչև 2030 թվականը: Նախատեսվում է վերակառուցել, արդիականացնել Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիան՝ այն համապատասխանեցնելով միջազգային լավագույն չափորոշիչներին։

«Ֆուտբոլային ակադեմիայի ստեղծումը հարակից բնակավայրերի երեխաներին հնարավորություն կտա ներգրավվել մանկապատանեկան սպորտում: Ընկերության կողմից միջազգային մասնագետների ներգրավումը մանկապատանեկան ֆուտբոլային կրթության որակական նոր չափանիշ է սահմանելու: Ներդրումային ծրագրի իրագործման փուլում նախատեսվում է ստեղծել լրացուցիչ 100 աշխատատեղ՝ միջինում 380.000 ՀՀ դրամ աշխատավարձով: Նախագծային թիմի ընտրության նպատակով դիտարկվել են ֆուտբոլային ենթակառուցվածքների նախագծման հարուստ փորձ ունեցող ճարտարապետական ընկերություններ, օրինակ՝ Մեծ Բրիտանիայից (Populous) և Գերմանիայից (GMP), ինչի արդյունքում մեր երկիրը նաև միջազգային մրցաշարեր անցկացնելու ավելի լայն հնարավորություններ կունենա»,- ասել է նախարարը։

Անդրադառնալով ակադեմիական քաղաքում ազգային մարզադաշտի կառուցմանը՝ նա ընդգծել է, որ լուրջ ներդրումային հետաքրքրվածություն կա. առաջիկայում նախագծային հստակեցումներ կլինեն: