Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

ՀԲ–ն Հայաստանին կտրամադրի 100մլն դոլար տնտեսության մեջ զբոսաշրջության դերի բարձրացման և խոչընդոտների վերացման նպատակով

18.04.2025, 17:35
Ծրագիրը կխթանի մասնավոր հատվածի մասնակցությունը և աղետների նկատմամբ դիմակայունությունը յոթ զբոսաշրջային գոտիներում
ՀԲ–ն Հայաստանին կտրամադրի 100մլն դոլար տնտեսության մեջ զբոսաշրջության դերի բարձրացման և խոչընդոտների վերացման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Համաշխարհային բանկի խմբի Գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է 100 միլիոն դոլար արժողությամբ ծրագիր, որի նպատակն է բարելավել դիմակայուն ենթակառուցվածքների հասանելիությունը և բարձրացնել զբոսաշրջության դերը Հայաստանի տնտեսության մեջ, հաղորդում է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունը։

Ծրագիրը կստեղծի աշխատատեղեր, կներգրավի մասնավոր ներդրումներ և օգուտներ կբերի առաջնահերթության կարգով ընտրված յոթ համայնքների բնակիչներին և այցելուներին։ Զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների բարելավման ծրագիրը նպատակ ունի հասցեագրել Հայաստանի զբոսաշրջության ոլորտում առկա հիմնական սահմանափակումները:

Ակնկալվում է, որ ծրագիրն ամեն տարի կունենա ավելի քան 1 միլիոն շահառու, ներառյալ բնակիչներն ու այցելուները՝ շնորհիվ բարելավված ճանապարհների և քաղաքային ենթակառուցվածքի ընդլայնված հասանելիության, ինչպես նաև ընտրված վայրերում առավել զարգացած զբոսաշրջային փորձառության։

Ծրագիրը կօգնի առավելագույնի հասցնել մայրաքաղաքից դուրս գտնվող զբոսաշրջային գոտիների տնտեսական և աշխատատեղերի ստեղծման ներուժը: Սա հնարավոր կլինի իրականություն դարձնել, խթանելով զբոսաշրջային այնպիսի փորձառություններ, որոնք ավելի կայուն և երկարաժամկետ եկամուտներ են ապահովում, ինչպես նաև զբոսաշրջության արժեշղթայում բիզնեսի և մասնագիտական ​​հմտությունների կատարելագործման միջոցով։

Այս ջանքերը կնպաստեն նաև բնակիչների կյանքի որակի բարձրացմանը և թիրախային շրջաններում տնտեսական ակտիվության բարձրացմանը:

«Ծրագիրը համահունչ է Հայաստանի համար առաջիկա հինգ տարիների Համաշխարհային բանկի «Երկրի գործընկերության շրջանակին», որն ուղղված է արտահանման և բիզնեսի մրցունակության բարձրացմանը, մարդկանց կարողությունների և տնտեսությանը մասնակցելու հնարավորությունների ամրապնդմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների ավելի լավ ու երկարաժամկետ կառավարման ապահովմանը», – ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:

Ծրագիրը նաև կուժեղացնի զբոսաշրջության ոլորտում ներգրավված հաստատությունների կարողությունները, կխթանի մասնավոր հատվածի մասնակցությունը և աղետների նկատմամբ դիմակայունությունը յոթ զբոսաշրջային գոտիներում՝ Արենիում, Դիլիջանում, Դվինում, Գորիսում, Գյումրիում, Ջերմուկում և Եղեգիսում։

Համաշխարհային բանկը հավատարիմ է իր որոշմանը՝ աջակցելու Հայաստանին աղքատության կրճատման և ավելի բարեկեցիկ ու դիմակայուն ապագա ստեղծելու զարգացման ճանապարհին:

1992 թվականին Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր Համաշխարհային բանկը շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար է տրամադրել, այդ թվում մոտ 300 միլիոն ԱՄՆ դոլարի ընթացիկ ներդրումային պորտֆելը, ներառյալ ներդրումային վարկավորումը, դրամաշնորհների տրամադրումը, վերլուծական աշխատանքն ու տեխնիկական աջակցությունը: Հայաստանն աջակցություն է ստացել Միջազգային զարգացման ընկերակցությունից (ՄԶԸ), որի դոնոր երկիր դարձավ 2023 թվականին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) և հավատարմագրային հիմնադրամներից։