«Turkish Airlines»-ը կիրականացնի Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթը. Զբոսաշրջության կոմիտեի նորությունները
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձել է նոր ավիաուղիների և չվերթների բացմանը։
«Ինձ միշտ հարցնում են Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթի մասին։ Նշեմ, որ շուտով «Turkish Airlines»-ն է գալիս ՀՀ, և իրենք իրականացնում են այդպիսի չվերթ ու ունեն այդ ներուժը»,- նշել է Գևորգյանը:
Նրա խոսքով՝ այն աշխարհում երրորդ հզորագույն ավիաընկերություններից մեկն է, որը կարող է Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթի հնարավորություն ստեղծել:
Գևորգյանը տեղեկացրել է, որ բանակցվում է նաև Չինաստանի հետ ուղիղ ավիափոխադրումը՝ ընդգծելով, որ նախորդ տարի Չինաստանից եկող զբոսաշրջիկների թիվը ևս աճել է:
«Նկատվում է նաև ցամաքային անցակետերով՝ Վրաստանից դեպի Հայաստան եկող չինացիների մուտք, ու եթե ունենանք ուղիղ չվերթ՝ Երևանից դեպի Չինաստանի այլ քաղաքներ նաև, կարող ենք Վրաստանի հետ համատեղ տարածաշրջանային նոր տուրեր անել, ինչը Վրաստանը հաջողությամբ անում է Ադրբեջանի հետ», -նշել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահը:
Զբոսաշրջության կոմիտեի նախագահը նշել է, որ վերջերս Լատվիայի դեսպանի հետ քննարկել է նաև Air Baltic-ի մուտքը Հայաստան։
Նա հայտնել է, որ մայիսից կսկսվեն Երևան-Ռիգա ուղիղ չվերթները, իսկ հունիսից՝ Երևան-Լոնդոն-Երևան չվերթները: