Ինչպե՞ս ընտրել հարմար բրոքեր
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի․/ԱՌԿԱ/․ Որոշելով սկսել առևտուր բորսայում՝ անհրաժեշտ է ընտրել միջնորդ, շուկայի պրոֆեսիոնալ մասնակից, որը համապատասխանում է օրենսդրական պահանջներին: Դրանց թվում են բրոքերային և ներդրումային ընկերությունները, ինչպես նաև բանկերը: Միջնորդի ընտրությունը շատ կարևոր քայլ է, քանի որ նրա օգնությամբ դուք կառավարելու եք ձեր ֆինանսական գործիքները, գնելու և վաճառելու եք արժեթղթեր, զբաղվելու եք արտարժույթի առուվաճառքով։
Կան մի շարք հիմնական չափանիշներ, որոնցով կարելի է գնահատել բրոքերին:
Նորմատիվային կարգավիճակ
Միայն համապատասխան լիցենզիաներ ունեցող բրոքերն իրավունք ունի իր հաճախորդներին ֆոնդային բորսայում առևտուր անելու հնարավորություն ընձեռել: Կարգավորող փաստաթուղթը երաշխավորում է, որ ընկերությունը գործում է իրավասության նորմատիվային բազային համապատասխան, որը կարող է նրան պատասխանատվության ենթարկել ցանկացած ոչ իրավաչափ գործողության համար, լուծել վեճերը արդար և անաչառ:
Ընկերությունները, որպես կանոն, հաստատումները հրապարակում են պաշտոնական կայքում: Ձեր խնդիրն է ուշադիր ուսումնասիրել փաստաթղթերը, համոզվել, որ դրանք ժամկետանց չեն և ուսումնասիրել տեղեկատվությունը կարգավորող մարմնի մասին։
Հայաստանում բրոքերային գործունեության կարգավորողի դերը կատարում է ՀՀ կենտրոնական բանկը։ Նրա կայքում միշտ կարելի է գտնել լիցենզավորված բրոքերների ակտուալ ու սպառիչ ցանկ։
Հուսալիություն
Միջնորդի հուսալիությունը նշանակում է, որ ավելի քիչ ռիսկ կա, որ նա կսնանկանա, կկորցնի իր լիցենզիան կամ կխաբի ներդրողներին:
Բրոքերը, որպես կանոն, ամենահուսալի գործընկերներից մեկն է ֆինանսական շուկաներում՝ ոչ միայն խիստ կանոնակարգման, այլ նաև իր գործունեության բուն բնույթի շնորհիվ: Նախ և առաջ, ձեր ակտիվները չեն պահվում բրոքերի մոտ, այլ հատուկ անկախ հաստատություններում՝ դեպոզիտարիաներում: Հետևաբար, բրոքերի ձախողման դեպքում ձեր ակտիվները մնում են անվտանգ: Երկրորդ, բրոքերը գումար է վաստակում իր հաճախորդի հետ, ուստի նա շահագրգռված է, որպեսզի ձեր ներդրումները լինեն հաջող և երկարատև:
Այնուամենայնիվ, խարդախության ռիսկը միշտ կա, ուստի բրոքեր ընտրելիս պետք է դիմել շուկայի փորձառու մասնակիցներին, ովքեր երկար ժամանակ աշխատում են շուկայում և ունեն լավ համբավ: Կարևոր է հետևել ընկերությունների վարկանիշերին, որոնք կազմվում են խոշորագույն ազգային և միջազգային բորսաների, ներդրողների հեղինակավոր համայնքների կողմից, որոնք մասնագիտանում են ֆինանսների ոլորտում: Նրանք գնահատում են մի շարք ցուցանիշներ, այդ թվում՝ հաճախորդների թիվը, առևտրի շրջանառությունը և աճի տեմպերը:
Սակագներ
Գնահատեք բրոքերի միջնորդավճարները և ֆիքսված վճարները և համեմատեք դրանք ներդրումների գումարի հետ: Սովորաբար փոքր ավանդի դեպքում ավելի կարևոր է ոչ թե ցածր միջնորդավճարը, այլ ցածր բաժանորդային վճարը։
Կարող եք նաև դիմել եվրոպական կամ ամերիկյան բրոքերներին, հատկապես, եթե նրանք ներկայացուցչություններ ունեն ձեր ներկայության երկրում: Նրանք հաճախ առաջարկում են գործիքների ավելի լայն ընտրություն, առաջադեմ առևտրային ինտերֆեյս և օպտիմալ միջնորդավճար: Բացի այդ, օտարերկրյա բրոքերները գտնվում են ավելի զարգացած օրենքներ և կարգավորող պրակտիկա ունեցող իրավասության ներքո:
Բրոքերի տեսակը
Կողմնորոշվեք այն գումարի հարցում, որը պատրաստվում եք տնօրինել, որպեսզի հասկանաք, թե ինչ տեսակի բրոքերի է անհրաժեշտ դիմել՝ դիսկոնտային, թե ամբողջական ցիկլի: Առաջին տարբերակը զանգվածային ներդրողի համար բաժնետոմսերի առքուվաճառքի ծառայություններ առաջարկող ընկերություններն են՝ նվազեցված միջնորդավճարով: Նման միջնորդի միջոցով շուկա մուտք գործելով՝ դուք կստանաք հնարավորությունների սահմանափակ շրջանակ, օրինակ՝ վերապատրաստման և խորհրդատվական աջակցության բացակայություն: Դիսկոնտային բրոքերի միջոցով սկզբնական ներդրումներ կատարելու համար պահանջվող գումարը շատ ավելի քիչ է, քան խոշոր ընկերությունների դեպքում: Հետևաբար, այս տարբերակը օպտիմալ է, եթե դուք պատրաստվում եք սկսել փոքր գումար ներդնելով և պատրաստ եք ինքներդ կառավարել ֆինանսական գործիքները:
Ամբողջական ցիկլի բրոքերները հաճախորդներին առաջարկում են մի շարք աջակցություն, այդ թվում՝ ձեր հաշվի պրոֆեսիոնալ կառավարում, ներդրումային պորտֆելի ձևավորում կամ անձնական խորհրդատուի աջակցություն: Նման ընկերությունները հուսալի են, բայց նրանց հետ աշխատելու համար պետք է մեծ միջնորդավճարներ վճարել: Ամբողջական ցիկլի բրոքերները հարմար են միջոցների մեծ շրջանառություն ունեցող ներդրողների համար:

Գործիքների տեսականի
Որքան ավելի բազմազան են գործարքների տեսակները, որոնք թույլ է տալիս կատարել բրոքերը, այնքան ավելի շատ հնարավորություններ ունեք շուկայում. տեղական և արտասահմանյան ընկերությունների բաժնետոմսերի, հումքային ապրանքների, Forex-ի միջոցով արժութային զույգերի, ինչպես նաև ինդեքսների առևտուր:
Պետք է հաշվի առնել, որ ոչ բոլոր միջնորդներն են հասանելիություն ապահովում դեպի օտարերկրյա բորսաներ, այնպես որ, եթե այս կետը կարևոր է ձեզ համար, անպայման խնդրեք տրամադրել լրացուցիչ տեղեկություններ։
Բորսայի հասանելիություն
Ուշադրություն դարձրեք բրոքերի կողմից տրամադրվող առևտրային հարթակներին: Սա կարևոր է, քանի որ խոսքը հիմնական գործիքի մասին է՝ ծրագրային ապահովման, որի միջոցով մուտք եք գործում շուկա։ Ժամանակակից բրոքերները, որպես կանոն, առաջարկում են բազմաֆունկցիոնալ հարթակներ, որոնք հասանելի են ինչպես հավելվածներում, այնպես էլ վեբ տարբերակում:
Ծրագրի միջոցով դուք կիրականացնեք առևտուր, կկառավարեք ձեր հաշիվը, կվերլուծեք թրեյդինգի արդյունքները, կստանաք ակտուալ տեղեկատվություն գնանշումների վերաբերյալ: Ձեր նպատակներին հարթակի գործառույթների համապատասխանությունից, օգտագործման հեշտությունից և ձեր սարքերի հետ համատեղելիությունից է կախված աշխատանքային գործընթացի հաջողությունը։
Հաճախորդների աջակցություն
Նախընտրելի է ընտրել այնպիսի բրոքեր, որն ունի հաճախորդների աջակցության հատուկ թիմ, որն օպերատիվորեն արձագանքում է հարցումներին բազմաթիվ ալիքներով (հեռախոս, կայք, հավելված կամ էլ. փոստ), որը լուծում է խնդիրները և տրամադրում հետադարձ կապ: Կապվեք աջակցության թիմի հետ մի քանի ձևով, հարցեր տվեք անձնակազմին: Դուք կարող եք նաև ծանոթանալ ընկերությունների հետ փոխգործակցության փորձին ֆորումներում, որտեղ շփվում են թրեյդերները։

Սպասարկման որակ
Կարևոր է, որպեսզի բրոքերն անխափան և արագ մշակի գործարքները և թույլ տա դուրս բերել միջոցներն ամենասեղմ ժամկետներում։ Սպասարկման որակի գնահատման հարցում կարելի է հաշվի առնել նաև գործող ու նախկին հաճախորդների վարկանիշերն ու արձագանքները։
Կրթություն
Բրոքերի լավագույն կողմերը բնութագրում են ուսուցողական դասընթացներ տրամադրելու պատրաստակամությունը, կայքում բաժինների և բլոգերի ստեղծումը, որոնք օգնում են թրեյդերներին «գլուխ հանել» ֆոնդային շուկաներից, հաճախորդների համար նախատեսված սեմինարների կազմակերպումը և օտարերկրյա մասնագետների ներգրավումը։
Որպես հիշեցում
Բրոքեր ընտրելը հեշտ չէ, դրան պետք է շատ լուրջ վերաբերվել։ Ուշադրություն դարձրեք հետևյալ գործոններին՝ որոշելով դրանց առաջնահերթությունը՝ կախված սեփական նպատակներից․
– Եթե փնտրում եք խոշոր, հուսալի բրոքերի, դիտարկեք վարկանիշերը գլխավորող ընկերությունները
– Ուսումնասիրեք միջնորդավճարների և ֆիքսված վճարների մասին տեղեկությունը
– Փորձեք նախապես փորձարկել սերվիսները, աշխատել հավելվածների և հարթակների դեմո տարբերակներում՝ գնահատելով դրանց գործիքակազմն ու ինտերֆեյսը, չատում և հեռախոսով հարցեր տվեք աշխատակիցներին
– Հիշեք, որ միշտ կարելի է փոխել բրոքերին կամ բացել հաշիվ մի քանի ընկերություններում։
Նյութը պատրաստվել է ԱՌԿԱ, «ԱՄԻ Նովոստի-Արմենիա» գործակալության և Freedom Broker Armenia–ի «Ֆինանսական ինքնակրթման տարի» համատեղ նախագծի շրջանակում:–0–