«Հոգատարությունը ջերմացնում է». Ամերիաբանկը կտրամադրի 100մլն դրամ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների առաջնային կարիքները բավարարելու համար

Հոգատարությունը ջերմացնում է
«Մեր թիմը ստեղծել է աշխատանքային խումբ, որը վաղն ուղևորվելու է Շիրակի մարզ` ծանոթանալու և տեղում գնահատելու մարզի 6 համայնքներում` Անիում, Ախուրյանում, Գյումրիում, Աշոցքում, Ամասիայում և Արթիկում ապաստանած մեր արցախցի հայրենակիցների կարիքները», – նշվում է Ամերիաբանկի Facebook–յան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ որպեսզի աջակցությունը կրի համակարգված և հասցեական բնույթ, առանձնացվել են այն ընտանիքները, որոնք այս պահին հատկապես ունեն աջակցության և հոգատարության կարիք:
Խոսքը միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներ ունեցող ընտանիքների, 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների մասին է։
«Շիրակի մարզի վեց համայնքներում ապաստան գտած այս ընտանիքներին կտրամադրվի 100 միլիոն դրամի աջակցություն, որը կուղղվի նրանց առաջնային կարիքների բավարարմանը», – նշվում է հաղորդագրության մեջ։
«Ամերիա Սերունդ. Արցախ»
Ամերիաբանկն իրականացնում է նաև կրթական ծրագիր, որը նախատեսված է 18–35 տարեկան արցախցի հայրենակիցների համար։
Նրանք, ովքեր հաջողությամբ կանցնեն կրթական ծրագրի անհրաժեշտ փուլերը, հնարավորություն կունենան շարունակելու մասնագիտական ուղին, աշխատելու ոլորտի պրոֆեսիոնալների հետ և հաջողելու պարագայում դառնալու Ամերիա ընտանիքի մի մասը կամ աշխատելու այլ կազմակերպություններում։
Ծրագրին մասնակցելով` կարելի է ստանալ 1,5 ամիս մասնագիտական ինտենսիվ ուսուցում Երևանում , ամսական 200 000 ՀՀ դրամ (ներառյալ եկամտային հարկը և պարտադիր այլ վճարները) աշխատավարձ ուսուցման ընթացքում, հավաստագիր ծրագրին մասնակցության վերաբերյալ, Աշխատանքի հնարավորություն Ամերիաբանկում։
Ինչպես նշվում է Ամերիաբանկի Facebook–յան էջում, «Ամերիա Սերունդ․ Արցախ» ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտ հոկտեմբերի 12–29–ը ներառյալ։
Արցախում Ադրբեջանի կողմից իրականացրած էթնիկ զտման մասին
Սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա է ձեռնարկել Արցախի դեմ՝ օգտագործելով հրետանի, անօդաչու թռչող սարքեր և ռազմական ինքնաթիռներ։ Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական կողմի հետ բանակցություններից հետո Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել հանրապետության բոլոր պետական կառույցները լուծարելու մասին։ 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ.
100 632 բնակիչ ստիպված եղավ լքել Արցախի Հանրապետությունը և տեղափոխվել Հայաստան։ Նրանց մեծ մասն արդեն ստացել է 100 հազար դրամ միանվագ աջակցությունը։ Առաջիկայում կսկսվեն վարձակալության և կոմունալ ծախսերի համար նախատեսված 50 հազար դրամի վճարումները։ Գործարկվել է https://e-soc.am առաջնային կարիքների հարթակը և ՀՀ սոցապ նախարարության «114» թեժ գիծը։
Սմերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսատեխնոլոգիական միջավայր:
Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:
Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ ֆինանսական տեխնոլոգիաների միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:
Ամերիաբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:-0-