Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Կոտրում ենք կրիպտոարժույթի մասին միֆերը. այն օգտագործվում է հարկերից խուսափելու համա՞ր

19.05.2023, 12:37
Ոմանք կարծում են, որ թվային ակտիվները դժվարացնում են հարկային մարմինների աշխատանքը և թույլ չեն տալիս նրանց հայտնաբերել եկամուտները թաքցնելու փորձերը
Կոտրում ենք կրիպտոարժույթի մասին միֆերը. այն օգտագործվում է հարկերից խուսափելու համա՞ր
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./ԱՌԿԱ/. Ոմանք կարծում են, որ թվային ակտիվները դժվարացնում են հարկային մարմինների աշխատանքը և թույլ չեն տալիս նրանց հայտնաբերել եկամուտները թաքցնելու փորձերը։ Իրականում բլոկչեյնը մանրամասն և թափանցիկ կերպով ֆիքսում է բոլոր գործարքների տվյալները, հետևաբար, այնքան էլ հարմար չէ ֆինանսական գործունեությունը թաքցնելու համար: Հարկային մարմինները վերահսկում են, տուգանում և պատասխանատվության են ենթարկում այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք փորձում են կրիպտոարժույթն օգտագործել հարկերից խուսափելու համար: Binance-ը խմբագրությանն է ներկայացրել իրավիճակի իր տեսլականը՝ նշելով, որ հարկային օրենսդրության պահպանումն առանցքային պայման է կրիպտոարժույթի և Web3-ի ողջ էկոհամակարգի զանգվածային ընդունման և օրինականացման համար:

Միֆ. կրիպտոարժույթն օգտագործվում է հարկերից խուսափելու համար

Կրիպտոարժույթի ապակենտրոն բնույթը ենթադրում է, որ այդ ակտիվները չեն վերահսկվում կենտրոնացված կազմակերպության կողմից, ինչպիսինն, օրինակ, կառավարությունն է կամ բանկը: Չնայած ապակենտրոնացվածությունն ունի իր դրական կողմերը, ինչպես օրինակ բարձր անվտանգությունն է, այն ծնել է մոլորություն այն մասին, թե կրիպտոարժույթն օգտագործվում է հարկերից խուսափելու համար:

Կրիպտոարժույթի օգտագործմամբ իրականացվող բոլոր գործարքները ներառվում են հրապարակային ռեեստրում, սակայն գործարքի մասնակիցները պահպանում են հարաբերական անանունություն: Ոմանք կարծում են, որ այն դժվարացնում է հարկային մարմինների աշխատանքն ու խանգարում է նրանց բացահայտել եկամուտը թաքցնելու փորձերը: Այս մոլորությունն այնքան է տարածվել, որ 2021թ.-ին CNBC հեռուստաալիքի պորտալը հրապարակեց «Կրիպտոարժույթն օգնում է խուսափել հարկերից» վերտառությամբ հոդված:

Իրականություն. բլոկչեյնը պահպանում է մանրամասն տվյալներ բոլոր գործարքների մասին

Իրականում ամեն ինչ ամողջովին այլ է: Բլոկչեյնի ցանցերը կրիպտոարժութային գործարքների թվային ռեեստրեր են, որոնք հանրային և բաց են դիտման համար: Գործարքների մասին գրառումները թափանցիկ են ու անփոփոխ: Իսկ ավանդական ֆինանսական ծառայություններում դեռևս կան հարկային «նավահանգիստներ», որոնք ստեղծվում են օֆշորային բանկային հաշիվների և բարդ կորպորատիվ կառույցների միջոցով:

Ցանկացած մարդ ցանկացած պահի կարող է ծանոթանալ բլոկչեյնի բազային առցանց գործիքի միջոցով, որը թույլ է տալիս տեսնել երբևէ կատարված գործարքները, նրանց հետ կապված հասցեներն ու այլ տվյալներ: Ինֆորմատիկայի, տնտեսության և քրեագիտության (երբեմն անվանում են «բլոկչեյնի վերլուծություն») համադրության արդյունքում հայտնվել է նորարար քննչական մոտեցում: Այն թուլյ է տալիս հետևել գործարքներին մինչև կոնկրետ, հրապարակային, կեղծանունով բլոկչեյն հասցեներ, հետո կապել այդ հասցեները օգտատիրոջ իրական անձի հետ նրա IP հասցեի և բորսայի օգտահաշվի միջոցով:

Տարածված է հայտնի մոլորություն, թե կրիպտոարժույթը հիմնականում օգտագործվում է հարկերից խուսափելու համար: Իրականում բլոկչեյնը մանրամասն և հրապարակային կերպով գրանցում է բոլոր գործարքները, այդ իսկ պատճառով հարմար չէ հարկային մարմիններից ֆինանսական գործունեությունը թաքցնելու համար:

Պայքար հարկերից խուսափելու դեմ

ԱՄՆ հարկային ծառայությունը (IRS) հրապարակել է կրիպտոարժույթի հարկման ուղեցույց և ձեռնարկում է համապատասխան միջոցներ: Այլ երկրները ևս սկսում են կարգավորել կրիպտոարժույթը և կանխել անօրինական գործունեությունը՝ թվային ակտիվների օգտագործմամբ: Հարկային գերատեսչությունների ռեսուրսներն ու հնարավորությունները տարբեր երկրներում կարող են տարբերվել, բայց առաջիկա տարիներին կառավարություններն ուշադիր հետևելու են օնչեյն տարածքին: Քանի որ գործառնությունների տվյալները բլոկչեյնի ռեեստրերում պահպանվում են անփոփոխ ձևով, հարկային տեսուչները կկարողանան ծանոթանալ այդ տեղեկություններին և բացահայտել նախկինում կատարված բոլոր անօրինական և չգրանցված գործարքները:

IRS-ի Կիբերհանցագործությունների բաժինը (CCU) Քրեական հետախուզության՝ ավելի խոշոր բաժնի՝ CI-ի ստորաբաժանումներից է, որը գործում է ավելի քան հինգ տարի, այն մասնագիտանում է հարկերից խուսափելու հետ կապված կրիպտոարժութային հանցագործությունների քննության մեջ: Բացի այդ, CCU-ն Chainalysis-ի խոշոր հաճախորդներից է, որը բլոկչեյնի վերլուծության ոլորտի ամենահայտնի ընկերություններից է: Նրանք միասին հետևում են, տուգանում և պատասխանատվության ենթարկում նրանց, ովքեր փորձում են օգտագործել կրիպտոարժույթը հարկերից խուսափելու համար:

Բացի այդ, կրիպտոարժութային բորսաները պարտավոր են աջակցել փողերի լվացման դեմ պայքարին (AMI) և վերիֆիկացնել «Ճանաչի′ր հաճախորդիդ» (KYC) ֆունկցիան՝ հավաքելով օգտատերերի անձնական տվյալները և տեղեկացնելով իշխանություններին ցանկացած կասկածելի գործունեության մասին: Միջազգային մակարդակում նաև մշակվում և ներդրվում են հաշվետվության ստանդարտներ: Օրինակ, 2022թ.-ի օգոստոսին Տնտեսության համագործակցության և զարգացման կազմակերպությունը հավանության է արժանացրել կրիպտոակտիվների հաշվետվությունը (CARF), որը պարտադրում է ստանդարտ տեսքով ներկայացնել թվային ակտիվներով գործարքների մասին հարկային տեղեկատվություն:

Այլ խոսքերով, հարկերից խուսափելու նպատակով կրիպտոարժույթի օգտագործման փորձերն, ամենայն հավանականությամբ, կբացահայտվեն:

Ինչու՞ պետք է վճարել կրիպտոարժույթի մասով հարկերը

Binance-ի թիմը կարծում է, որ հարկերի վճարումը ոչ միայն օրենքի պահանջ է, այն նաև օգնում է բլոկչեյնի ոլորտի զարգացմանը: Կրիպտոարժութային եկամուտների մասին հաշվետվությունները բարձրացնում են ամբողջ էկոհամակարգի լեգիտիմությունն՝ այդ կերպ այս ոլորտ գրավելով ավելի շատ օգտատերեր, ներդրողներ և ընկերություններ:

Հարկային օրենսդրության պահպանումը կրիպտոարժույթի ամբողջ էկոհամակարգի և Web3-ի զանգվածային ընդունման և լեգիտիմության առանցքային պայմանն է: Միֆն այն մասին, թե կրիպտոարժույթն օգտագործվում է հարկերից խուսափելու համար, խոչընդոտում է ոլորտի զարգացմանը, այդ իսկ պատճառով կարևոր է, որպեսզի օգտատերերը պահպանեն հարկային օրենսդրությունը այդ մոլորություններն արմատախիլ անելու համար:

Օրենքի պահպանումը նաև դրական է ազդում կրիպտոարժույթի հետ աշխատանքի գործընթացի վրա՝ հնարավորություն ընձեռելով չմտահոգվել տուգանքների և դատական հայցերի մասին: Լեգիտիմությունն ապահովում է կայունություն, նորարարությունների ներդրում, զարգացում, կառավարության կողմից ավելի բարենպաստ վերաբերմունք և կրիպտոարժույթի ոլորտի արդար կարգավորում:

Փաստ. չնայած ոմանք կարող են փորձել օգտագործել կրիպտոարժույթը հարկերից խուսափելու համար, իրականում բլոկչեյնը հեշտացնում է վերահսկելու և ֆինանսական հանցագործներին հետևելու գործընթացը։–0–