Ամերիաբանկը Menu.am-ի հաճախորդների համար մշակել է օնլայն վճարումների նոր համակարգ
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը, Menu.am ընկերության առաջարկի հիման վրա, մշակել է օնլայն վճարումների նոր համակարգ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:
Համակարգի յուրահատկությունն այն է, որ, ինտերնետ միջավայրում գնումներ կատարելու համար, հաճախորդը տվյալ կայքում լրացնում է իր քարտային տվյալներն ընդամենը մեկ անգամ, և տվյալ կայքից գնում կատարելիս քարտային տվյալների մուտքագրման անհրաժեշտություն այլևս չի լինում:
Առաջարկելով այս լուծումը` Ամերիաբանկն ապահովել է հաճախորդների տվյալների պահպանման անվտանգության բարձր մակարդակ, մասնավորապես, հաճախորդի վճարային քարտի տվյալները պահպանվում են միայն կենտրոնացված պրոցեսինգային կենտրոնում, և անվտանգությունն ապահովվում է Master Card Secure Code և VISA Verified by Visa (VbV) տեխնոլոգիաներով:
«Առցանց վճարումների ընդունման այս հնարավորությունն էապես կնպաստի բոլոր այն բիզնեսների զարգացմանը, որոնք իրենց ապագան տեսնում են օնլայն տիրույթում և պատրաստ են դուրս գալ միջազգային շուկաներ», - նշվում է հաղորդագրության մեջ:
Վճարման նոր համակարգի վերաբերյալ մանրամասները ներկայացված են տեսահոլովակում:
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: -0-