Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 8, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Ամերիաբանկի զուտ շահույթը աճել է 53,6%–ով

24.10.2017, 17:31
Ամերիաբանկի զուտ շահույթը 2017 թ.–ի 9 ամիսների ընթացքում աճել է 53,6%–ով` կազմելով սեպտեմբերի վերջին 5,4 մլրդ դրամ:
Ամերիաբանկի զուտ շահույթը աճել է 53,6%–ով

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի զուտ շահույթը 2017 թ.–ի 9 ամիսների ընթացքում աճել է 53,6%–ով` կազմելով սեպտեմբերի վերջին 5,4 մլրդ դրամ, լրագրողների հետ զրույցում ասեց Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը։

Նրա խոսքով, 2017 թ.–ի 9 ամիսների արդյունքներով մի շարք առանցքային ցուցանիշներով Ամերիաբանկը շարունակում է զբաղեցնել առաջատար դիրքերը։ Մասնավորապես, զուտ շահույթի ցուցանիշով բանկը շուկայում զբաղեցնում է երկրորդ տեղը։ 

Միևնույն ժամանակ բանկի ակտիվները կազմել են 667,3 մլրդ դրամ (շուկայի մասնաբաժինը` 16%), պարտավորությունները` 598,8 մլրդ դրամ (մասնաբաժինը` 17%), պարտավորությունները հաճախորդների նկատմամբ` 395,7 մլրդ դրամ (16%), վարկային ներդրումները` 422,6 մլրդ դրամ (17%)։

«Եռամսյակը մենք ավարտել ենք լավ ցուցանիշով, հիմնականում պահպանել ենք մեր առաջատար դիրքերը շուկայում, նույնն է ՓՄՁ և ֆիզիկական անձանց վարկավորման տեմպերով։ Վարկային պորտֆելն աճում է, շարունակում ենք ակտիվ քաղաքականությունն  և նախատեսում ենք ակտիվացնել տեմպերը չորրորդ եռամսյակում, ինչի համար հատուկ առաջարկներ են մշակված, որոնք կնպաստեն նաև տնտեսական աճին», – ասաց Բարսեղյանը։

Նրա խոսքով, մանրածախ բիզնեսում բանկը նախատեսել է մինչև տարվա վերջ 10 մլրդ դրամով բարձրացնել նպատակային վարկավորումը, ինչ է իրենից ներկայացնում է վարկավորման համար 15–16 մլրդ դրամի հավելյալ միջոցներ։

Տարվա արդյունքներով նախատեսվում է, որ Ամերիաբանկի վարկային պորտֆելը մանրածախ բիզնեսի առումով կզերազանցի 70 մլրդ դրամը։ 

Ինչ վերաբերում է զուտ շահույթին, ապա, ինչպես ասաց Բարսեղյանը, բանկը էական աճ է արձանագրել և նախատեսում է պահպանել այդ տեմպը մինչև տարվա վերջ։

Նա նշեց, որ աճն ապահովված է, մասնավորապես, վարկային պորտֆելի որակական  ցուցանիշների բարելավման և ծախսերի ու կառավարման խիստ վերահսկողության  միջոցով։ «2014 թ.–ի արժեզրկումից հետո տնտեսվարող սուբյեկտների իրավիճակը կայունանում է, տնտեսությունն անցնում է վերականգման փուլ, ինչն արտահայտվում է նաև մեր ցուցանիշների վրա», – նշեց Բարսեղյանը։

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: –0–