Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Հայաստանն առաջատար է Forbes–ի` ԱՊՀ երկրների վարկանիշում բիզնես վարելու պայմաններով

18.12.2014, 17:02
Հայաստանն առաջատար է Forbes–ի «Բիզնեսի համար լավագույն երկրները 2014» ԱՊՀ երկրների վարկանիշում։ Երկիրը զբաղեցնում է 56–րդ տեղը 146 երկրների շարքում։
Հայաստանն առաջատար է Forbes–ի` ԱՊՀ երկրների վարկանիշում բիզնես վարելու պայմաններով
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանն առաջատար է Forbes–ի «Բիզնեսի համար լավագույն երկրները 2014» ԱՊՀ երկրների վարկանիշում։ Երկիրը զբաղեցնում է 56–րդ տեղը 146 երկրների շարքում։

Նախորդ տարի Հայաստանը զբաղեցնում էր 64–րդ տեղը 141 երկրների շարքում։ 
 
Այս վարկանիշում Ռուսաստանը զբաղեցրել է 91–րդ տեղը, Ղազախստանը` 65–րդը, Ադրբեջանը` 60–րդը, Ղրղզստանը` 101–րդը, Մոլդովան` 75–րդը, Ուկրաինաին` 88–րդ տեղերը։ 

Միաժամանակ, տարածաշրջանի երկրներից Վրաստանը զբաղեցրել է վարկանիշի ամենաբարձր հորիզոնականը` 47–րդը, Թուրքիան` 50–րդը, իսկ Իրանը` 132–րդը։ 2014 թվականին բիզնես վարելու համար լավագույն երկրների վարկանիշը գլխավորել է Դանիան։ Այնուհետև Հոնկոնգն ու Նոր Զելանդիան են։ Լավագույն տասնյակում է նաև Իռլանդիան` վարկանիշի նախորդ տարվա առաջատարը, Շվեդիան, Կանադան, Նորվեգիան, Սինգապուրը, Շվեյցարիան և Ֆինլանդիան։ 

Աութսայդերներն են` Լիբիան, Չադը, Գվինեան։ 

Forbes–ի «Բիզնեսի համար լավագույն երկրները 2014»–ում ներառվել են 146 երկրներ։ Նրանց ձեռքբերումներն ուսումնասիրվել են 11 չափանիշներով։ Դրանք քաղաքացիների անձնական ազատությունների մակարդակն է, սեփականության և ներդրումների իրավունքների պաշտպանվածության աստիճանը, գներրի կայունությունը, ապրանքների և ծառայությունների արտահանման և ներկրման խոչընդոտների առկայությունը, տեխնոլոգիաների զարգացման մակարդակը, նորարարությունների ներդրումը, բիզնեսի վրա պետության ազդեցության աստիճանը, կոռուպցիան, հարկային բեռը և բաժնետոմսերի շուկայի վիճակը։

Վարկանիշը կազմելիս օգտագործվել են Freedom House, Heritage Foundation, Property Rights Alliance, Transparency International–ի, Համաշխարհային բանկի և Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալները։ -0-