Рейтинг@Mail.ru
USD
367.87
EUR
426.69
RUB
5.1458
GEL
137.57
2026 թ. մայիսի 21, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+16

Անտոկոս վարկեր և 50% փոխհատուցում. տավարաբուծության աջակցության նոր պայմանները

Այսօր, 13:21
ՀՀ-ում 2025-2029 թթ. տավարաբուծության զարգացման ծրագրի շահառուների համար կստեղծվեն առավել նպաստավոր պայմաններ
Անտոկոս վարկեր և 50% փոխհատուցում. տավարաբուծության աջակցության նոր պայմանները

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/ԱՌԿԱ/․ Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց ՀՀ 2025-2029թթ․-երի տավարաբուծության զարգացման ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով` հանրապետությունում վերջին տարիներին տավարի գլխաքանակի և կաթի արտադրության ծավալների հետ կապված կան որոշակի խնդիրներ։

Մասնավորապես, գործող նախագծով 30% փոխհատուցում էր տրամադրվում Հայաստանից կամ Հայաստանից դուրս մինչև 25 գլուխ տոհմային կենդանի գնելու դեպքում, և 40%`25 և ավելի կենդանու դեպքում։

«Հաշվի առնելով նաև ոլորտի շահութաբերությունը և մի շարք այլ հանգամանքներ, ինչպես նաև մեր նպատակները, որոնք ավելի ամբիցիոզ են, առաջարկում ենք այս նոր նախագծով արդեն փոխհատուցման ծավալը հասցնել 50%-ի` անկախ գլխաքանակից», - ասաց Պապոյանը։

Նախագծով առաջարկվում է նաև մեծացնել աջակցության ծավալները. եթե մինչ այս պետությունը փոխհատուցում էր տրամադրում առավելագույնը 300 տոհմային կենդանու համար, ապա նոր փոփոխություններով այդ թիվն առաջարկվում է հասցնել 1000-ի։

Մյուս փոփոխությամբ առաջարկվում է մեկ տոհմային կենդանու հաշվարկային առավելագույն արժեքը նախորդ ծրագրի 1 միլիոն դրամից բարձրացնել 1,1 միլիոն դրամի։

«Սա որոշակի գնաճային ճշգրտման է ենթարկվել, քանի որ և՛տրանպորտային ծախսերը, և՛ կենդանիների գները որոշակի աճ են արձանագրել», - նշեց նախարարը։

Փոխոխություններ են նախատեսվում նաև վարկային մասով. ներկայումս ֆերմերները հնարավորություն ունեն կենդանիներ ձեռք բերել 2-3% տոկոսադրույքով (ներմուծելու դեպքում` 3%, տեղական շուկայից գնելու դեպքում՝ 2%)։

«Առաջարկում ենք ամբողջությամբ փոխհատուցել, 0% է դառնում, բայց վարկը պետք է լինի ոչ ավելի, քան 14%», - ասաց Պապոյանը։

Բացի այդ, վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամկետը 12-ի փոխարեն կսահմանվի 18 ամիս, ինչը նշանակում է, որ ֆերմերները փաստացի մարումները կսկսեն միայն 18 ամիս անց:

Այս նոր նախաձեռնությունը տարածվելու է 2026 թվականից սկսված հարաբերությունների վրա այն պարագայում, երբ ֆերմերները նախկինում դեռևս փոխհատուցում չեն ստացել։

Նախարարը նշեց, որ նախորդ ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 2600 գլուխ բարձրարժեք տոհմային կենդանի, որոնցից արդեն ստացվել է 12 200 գլուխ տոհմային սերունդ։