Рейтинг@Mail.ru
USD
368.21
EUR
427.9
RUB
5.1541
GEL
137.7
2026 թ. մայիսի 20, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

Կընդլայնվի Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառումը. Նախագիծ

Այսօր, 15:19
Հայաստանում կընդլայնվի Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառումը
Կընդլայնվի Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառումը. Նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում կընդլայնվի Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառումը։

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կայացած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Հիմնական զեկուցող, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով` նախագծի ընդունման նպատակը էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտների ընդլայնումը և որպես սովորական ՀԴՄ-ին այլընտրանքային տարբերակ կիրառելու հնարավորության ապահովումն է։

«Տեխնոլոգիական զարգացմանը և թվային ծառայությունների աճին զուգահեռ՝ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտները և այն դարձնել սովորական ՀԴՄ-ին այլընտրանքային գործիք, որով հնարավոր կլինի ապահովել նույն գործառույթների առավել հեշտ և ժամանակակից ուղիներով իրականացումը»,– նշել է Հակոբյանը։

Մասնավորապես առաջարկվում է միասնականացնել ՀԴՄ-ին և էլեկտրոնային ՀԴՄ-ին վերաբերող այն բոլոր դրույթները, որոնք հնարավոր է լինելու կիրառել երկու գործիքների դեպքում:

Առաջարկվում է նաև սահմանել լիազորող նորմ, որով կառավարությունը կսահմանի էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի տեխնիկական պահանջները, դրա հաշվառման ու հաշվառումից հանման կարգը, կիրարկման կանոնները:

Հստակեցվել են նաև գործունեության այն ոլորտները, դեպքերը և ժամկետները, երբ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վաճառք իրականացնելիս, աշխատանքներ կատարելիս կամ ծառայություններ մատուցելիս: